«ԻՄ ՁԵՌՔՈՎ Է ՍՊԱՆՎԵԼ, ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Գավառ) սեպտեմբերի 26-ին շարունակվեց «նիսյայի» ցուցակում չգրելու շարժառիթով կատարված սպանության գործի դատաքննությունը:
Երեկ ցուցմունք տվեցին երկու ամբաստանյալները՝ Արման Հովսեփյանը եւ սպանվածի մորաքրոջ տղան՝ Շահեն Չանդոյանը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչներ 28-ամյա Վիգեն Սահակյանը եւ 26-ամյա Շահեն Չանդոյանը ապրիլի 16-ի գիշերը` ժամը 22-ի սահմաններում, հարբած վիճակում մտել էին Գավառ քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի ընտանիքին պատկանող մթերային խանութ, ապառիկ ապրանք պահանջել, ինչից հետո ծավալված վեճը հանգեցրել էր սպանության: 15 րոպե անց Վիգենը տեղում մահացել էր, Շահենին տեղափոխել էին Գավառի բժշկական կենտրոն եւ վիրահատել, իսկ Արմանին դատաբժշկի ուղեգիր տվել ու կալանավորել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) հատկանիշներով: Սակայն տուժողի իրավահաջորդների բողոքից հետո այն վերաորակվել էր սպանություն:
Դատական նիստից առաջ մթնոլորտը լարված էր. մահացած Վիգենի մայրը անեծքներով եւ սպառնալիքներով ժամանակ առ ժամանակ տեղից վեր էր թռչում եւ փորձում հարձակվել ամբաստանյալների (նաեւ իր քրոջ որդու) վրա. «…Ձեզ էլ պտի դնեն ձեր մոր դեմը, որ իմանան՝ ինչ ա զավակի կորուստը: 29 տարի պահես, որ բերեն դնեն դե՞մդ…»: Երբ Արման Հովսեփյանն իր պաշտպանի հետ զրուցելիս ժպտաց, դա չափազանց նյարդայնացրեց Վիգենի մորն ու քրոջը, եւ մայրը, «թողե՛ք… մարդասպա՛ն, կխնդաս, կխնդաս…» բացականչելով, փորձեց հարձակվել Արմանի վրա, սակայն ոստիկանները կանխեցին: Հետո դառնալով քրոջ որդուն՝ ասաց. «Մերդ փոքր ժամանակ քեզ պտի թույն տար՝ մեռնեիր, ինչի՞ իմ էրեխուն տարար, պապիրոսի համար սպանին, զահրմար ծխեիր…»:
Նիստը սկսվեց, եւ սպանության մեջ մեղադրվող Արմանն իր ցուցմունքում ասաց, որ գիշերվա ժամը 22:00-ի սահմաններում ինքը եղել է իրենց խանութում: Հարբած վիճակում ներս է մտել մինչ այդ իրեն անծանոթ Շահեն Չանդոյանը եւ ասելով, թե նրա հորը՝ Միշոյին, ճանաչում է, «նիսյա» ապրանք է ուզել: Քանի որ Արմանը չի ճանաչել հաճախորդին, փորձել է զանգել հորը: Չորս զանգ գնալուց հետո հայրը չի վերցրել լսափողը, Արմանն անջատել է հեռախոսը, ինչը զայրացրել է Շահենին: Նա կոպիտ տոնով սիգարետ է ուզել: Արմանը, տեսնելով նրա ոչ սթափ վիճակը, գլուխը պրծացնելու համար տվել է սիգարետը եւ խնդրել Շահենին՝ ասել անունը, որպեսզի «նիսյայի» ցուցակում գրի: «Ի՞նչ նիսյայի ցուցակ, Միշոն ինձ ճանաչում ա»,-վրդովված ասել է Շահենը, եւ նրանց միջեւ թեթեւ վեճ է ծավալվել:
Այդ պահին խանութ է մտել Շահենի մորաքրոջ որդին՝ Վիգենը, եւ իմանալով, որ Արմանն ապրանքը հենց այնպես չի տալիս, դառնալով վերջինիս՝ անպարկեշտ բառով ասել է՝ «եթե … էլ ուզի քեզնից՝ պտի տաս»: Երբ Արմանը փորձել է հակադարձել իր տղամարդկային արժանապատվությունը վիրավորողին, Շահենը բռնել է Արմանի հագուստներից, քաշքշել, եւ փոխադարձ հայհոյանքներով մորաքրոջ տղաները սկսել են բռունցքներով ծեծել նրան: Հետո Վիգենը սկսել է նախ պլաստմասսե, հետո ապակյա շշով հարվածել Արմանի գլխին: Շահենն ասել է Վիգենին՝ շշով մի՛ խփի: Այդ ընթացքում խանութ են մտել Արմանենց հարեւան Մուշեղը, հետո՝ Վարդանը, փորձել բաժանել, սակայն չկարողանալով՝ դուրս են գնացել: Արմանը կարծել է, թե նրանք օգնություն կկանչեն, սակայն նրա հորը տանը չեն գտել, եւ ոչ մեկը օգնության չի եկել: Բայց քիչ անց Արմանի մայրը՝ Ծովինարը, մտել է խանութ եւ տեսնելով, որ որդուն ծեծում են, բռնել է Շահենի թեւից, որպեսզի չխփի որդուն: Սակայն նրան չի հաջողվել կանխել, եւ կնոջն էլ են սկսել քաշքշել: Արմանը գետնին ընկած վիճակում ասել է՝ մայրս է, գոնե մորս մոտ մի՛ խփեք ու մի՛ հայհոյեք, դուրս գանք՝ խոսենք, սակայն նրան չեն լսել: Արմանն էլ, տեսնելով, որ մորը քաշքշում են, զգալով, որ օգնության հույս չկա, եւ իրենից հաղթանդամ տղաները կարող են իրեն ծեծելով սպանել, սառնարանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ իր հիշելով՝ 2 անգամ դանակով հարվածել Շահենին (վերջինս ասաց՝ 1 անգամ):
Արմանը կարողացել է այդ պահին Շահենի ձեռքից փախչել դուրս եւ չի նկատել, թե ուրիշ ով կա խանութում: Մուտքից 2-3 «լոնք» անելուց հետո Վիգենը տեսել է Արմանին, նրա ծոծրակից բռնել, գլուխը մտցրել թեւի տակ եւ սկսել մեջքին հարվածելով տանել դեպի դիտահորը: Չկարողանալով նրանից ազատվել, Արմանը ձեռքի դանակով մի քանի անգամ հարվածել է Վիգենի մարմնի տարբեր մասերին: Իսկ երբ վերջինս թուլացել է, Արմանն ազատվել է նրա ձեռքից եւ վազել աներոջ տուն՝ կնոջը տեսնելու, որը պետք է օրեր անց ծննդաբերեր: Նրանց ասել է՝ զանգեն ոստիկանություն:  
Արմանն ընդունեց, որ Վիգենն իր ձեռքով է սպանվել, բայց ինքը մեղավոր չէ ու մինչ օրս էլ չգիտի, թե ինչի համար պետք է իրեն այդպես դաժանորեն ծեծեին: Մահացած Վիգենի հայրը, նշելով, որ իր «ղասաբ» որդին այնքան ուժեղ էր, որ մի հատ խոզի ճակատին տալիս էր, անասունն ընկնում էր, հարցրեց Արմանին, թե այդ ինչպես Արմանն իր փոքր հալով սպանեց իր մարմնեղ որդուն…
Խուլիգանության մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալի՝ Շահենի մորաքույրը վերջինիս  ցուցմունք տալուց առաջ պահանջեց, որ ճիշտը պատմի, իր որդու «արունը չծախի», քանի որ ինքը կարող է մինչեւ վերջ գնալ եւ դժբախտացնել ամբաստանյալներին: Շահենն իր ցուցմունքում նշեց, որ չգիտի, թե ինչից է սկսվել վեճը, ինքը հրահրող եղել է, թե ոչ: Նաեւ չէր հիշում՝ Արմանն իրեն սիգարետ տվել է, թե ոչ: Ինչ վերաբերում է «նիսյայի» ցուցակում գրելու համար իր անունը Արմանին ասելուն, ապա նշեց, որ ասել է՝ «Միշոյին գիտի»:
Տուժող կողմը երեկ «դատապաշտպան» խնդրեց եւ նշեց, որ փաստաբանին ծառայության համար չի կարող վճարել. դատավորը նրանց բացատրեց անվճար փաստաբան ունենալու կարգը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն:  

 ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս