Ինչ է իրականում տեղի ունեցել հանքանյութ քայքայող հեղուկ խմած վարդենիսցի կնոջ հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, էր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ակունք գյուղում, նախնական վարկածով, ինքնասպանության փորձ է գրանցվել: Դարիկո Ղարիբյան անունով մի կնոջ երեկ շտապ տեղափոխել են Երևան` «Էրեբունի» ԲԿ, որտեղ, բարեբախտաբար, հնարավոր է եղել նրա կյանքը փրկել: Ինչպես Armlur.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից, վնասվել են կնոջ շնչուղիները, նրա վիճակն այս պահին կայուն է, արդեն կարողանում է խոսել: Հնարավոր է, նրան վաղը դուրս գրեն:

Armlur.am-ը կատարվածի շուրջ զրուցեց տուժած կնոջ հարևանների հետ, ովքեր հայտնեցին, որ պարզվել է` իրականում տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանության փորձ է եղել, այլ թունավորում: Ինչպես մեզ հայտնեցին Դարիկո Ղարիբյանի մի քանի համագյուղացիներ, ովքեր չցանկացան նշել իրենց անունը, գյուղում շրջանառվող լուրերը, թե կինը նման քայլի է գնացել դստեր պատճառով, իրականությանը չեն կարող համապատասխանել: «Շատ լավ ընտանիք է, գյուղում ճանաչված, հարգված: Աղջիկն ամուսնացած է, երեխաներ ունի»,- հավելեցին մեր զրուցակիցները:

Վերջիններս նկարագրեցին նաև կատարվածի մանրամասները: Այսպես, իրականում Դարիկոն հանքանյութ քայքայող հեղուկը շփոթել է ջրի հետ և խմել է այն: Բարեբախտաբար, նա հասցրել է զգալ, որ ջուր չի խմում և թքել է հեղուկը: Այնուամենայնիվ, կնոջ շնչափողերը վնասվել են: Վարդենիսցիները պարզաբանեցին, որ կինը հրաշքով է փրկվել, քանի որ նման քայքայող հեղուկն օգտագործելու հետևանքով բազում խնդիրներ կարող էին առաջանալ:

Armlur.am-ը զրուցեց նաև Դարիկո Ղարիբյանի ամուսնու` Գնել Ղարիբյանի հետ, ով միայն ասաց, որ չի հասկանում` ինչու պետք է կնոջ հետ տեղի ունեցածն այլ կերպ մեկնաբանվեր և հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել:




Լրահոս