«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի կալանավորման որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինս նշեց, որ Վարուժան Ավետիսյանի գործով այսօր կդիմեն դատարան, իսկ մնացած անդամների գործով` վաղը:
Նշենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել են «100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը և Արամ Հակոբյանը:
Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ նախապատրաստելը: Ավելի ուշ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ Արամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել էր գրավով:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում«Հիմնադիր խորհրդարանը» հանրահավաք և երթ է անցկացնելու ի պաշտպանություն քաղբանտարկյալների: