Արքաների ժառանգներին վայել չէ ստատիստի դերը ուրիշի խաղի մեջ. Արա Պապյանը՝ արքայազն Չարլզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը բաց նամակով դիմել է նորին արքայական վսեմություն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին:

«Ուելսի արքայազն,
Ձերդ վսեմություն,
Անվիճելի իրողություն է, որ արքաների ու արքայազների կյանքը լեցուն է պարտականություններով: Սեփական երկրի հպատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելը, վստահաբար, այդ պարտականություններից ամենաարժանավորներից է: Ըստ այդմ, Ձեր և արքայազն Հարրի ս.թ. ապրիլի 24-25-ին նախատեսված այցը Ստամբուլ և մասնակացությունը Գալիպոլլիի ճակատամարտի հարյուրամյակի առիթով այդ ճակատամարտի գրեթե 35 հազար բրիտանահպատակ զոհերի հիշատակի արարողությանը՝ միանգամայն հասկանալի է: Սակայն հարցն այդքան էլ պարզունակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Գալիպոլլիի, կամ թուրքական տարբերակով՝ Չանաքկալեի ռազմական գործողությունները սկսվել են 1915թ. մարտի 18-ին: Հետևաբար, Թուրքիայում իրավացիորեն այն ավանդաբար ոգեկոչվել է մարտի 18-ին: Արդյո՞ք չեք մտածել, ինչու՞ հենց այս տարի թուրքերն այն նշում են ապրիլի 24-ին: Չէ որ ապրիլի 24-ին ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել Գալիպոլլիի ճակատամարտում: Եթե հիշատակումի օրացույցի այս փոփոխությունն այն պատճառով է, որ թուրքերը կարևորում են բրիտանա-ֆրանսիական զորքերի ափհանման փորձը (թեև հասկանալի չէ, ինչու՞ պիտի թուրքերը դա կարևորեն), ապա դա տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Թուրքական իշխանությունների կողմից տոնացույցի այս փոփոխությունը (Չանաքալեի տոնակատարության նշումը ավանդաբար մարտի 18-ի փոխարեն ապրիլի 24-ին) ունի զուտ մի նպատակ՝ ստվերել, եթե կուզեք, մինչև իսկ ծանակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մշտապես, առանց բացառության, նշվել և նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին:

Ձերդ վսեմություն,

Կատարելով նման օրացուցային փոփոխություն`թուրքական իշխանությունները Ձեզ որպես գործիք են օգտագործում իրենց քարոզչական կեղտոտ խաղի մեջ: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին, Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլև կանարգեք նրանց և անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի՝ Ջորջ V-ի հիշատակի վրա: Չէ որ օսմանյան լծից հայ ժողովրդի ազատագրումը եղել է Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու Բրիտանական կայսրության՝ նրա միապետի ու կառավարության, հիմնական պատճառներից և պաշտոնապես հայտարարված նպատակներից մեկը: Բիտանական կայսրությունն այն ժամանակ ձախողեց իր առաքելության իրականացումը, որի համար իմ ժողովուրդը վճարեց իր միլիոնավոր անմեղ զավակների արյունով: Գոնե հիմա մի պղծեք նաև հայերի ազատության համար զոհված Ձեր զինվորների ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արքաների ժառանգներին վայել չէ ստատիստի դերը ուրիշի խաղի մեջ:

Ի դեպ, Ջորջ V-ի կառավարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, հենց Գալիպոլլիի ռազմական գործողությունների ընթացքում և թերևս նաև ափհանման ձախողման հետևանքով սկսված հայերի ջարդերի մեջ սեփական մեղավորության գիտակցումով, 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարության մեջ խոստացել էր անձնական պատասխանատվության ենթարկել հայերի ջարդերի պատասխանատուներին: Սակայն, ցավոք սրտի, ոչ Ձեր երկիրը, ոչ էլ Ռուսաստանն ու Ֆրանսիան չհարգեցին իրենց խոսքը: Այդուհանդերձ, պիտի նշեմ, որ իմ հայրենիքի արժանի զավակները գետնով չտվեցին վերոհիշյալ երեք մեծ տերությունների խոստումը, և Հայոց ցեղասպանության մեղավորների զգալի մասը ստացավ իր արժանի մահապատիժը:

Ձերդ վսեմություն,

Դուք և արքայազն Հարրին Ստամբուլ եք մեկնում մասնակցելու ԱՆԶԱԿ-ի (Australian and New Zealand Army Corps) հիշատակի օրվան (Anzac Day Commemoration), որը մշտապես նշվել է ապրիլի 25-ին: Ընդունում եմ, որ Ձեր պարտքն է բրիտանական հպատակներին հիշելը: Բայց Դուք էլ պիտի ընդունեք, որ նաև պարտք ունեք Բրիտանական կայսրության քաղաքականության զոհերի՝ հայերի հանդեպ: Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայերնիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը: Եթե Դուք Ստամբուլում պիտի մասնակցեք ապրիլի 25-ի լուսաբացի հիշատակի արարողությանը, ապա Ձեր պարտքն է դրան նախորդ օրը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

Իմիջիայլոց, Երևանից Ստամբուլ թռիչքը, հաշվի առնելով երկժամյա տարբերությունը նշյալ քաղաքների միջև, Ձեզանից կպահանջի ընդամենը 3 ժամ 40 րոպե:




Լրահոս