ՍՏԻՊՈՂԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի սեպտեմբերի 24-ի համարում անդրադարձել էինք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կազմակերպած քաղաքային շաբաթօրյակին, որը,  ինչպես  արդեն նշել էինք, լուրջ դժգոհությունների առիթ էր տվել: Ավելին, ըստ մեզ հասած ահազանգի՝ Աջափնյակի թիվ 44 մանկապարտեզում դայակներից մեկը շաբաթօրյակի ընթացքում ուշագնաց էր եղել:
«Ժողովուրդ»-ը եղավ թիվ 44 մանկապարտեզում՝ պարզելու, թե իրականում ինչ է եղել: Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց մանկապարտեզի տնօրեն Աննա Խաչատրյանը, շաբաթօրյակն ընդհանրապես կապ չի ունեցել դայակի առողջական վիճակի վատթարացման հետ: «Իմ մանկապարտեզը մի մեծ ընտանիք է, եւ ոչ ոք իմ աշխատակիցներին չի ստիպել կամ պարտադրել մասնակցել շաբաթօրյակին, բոլորն էլ մեծ սիրով եկել եւ մասնակցել են»,-ասաց տնօրենը` վստահեցնելով, թե այդ օրը դայակն աշխատել է խմբասենյակում: «Ինքս նրան ասացի՝ քանի որ լավ չես զգում քեզ, կարող ես գնալ տուն, բայց նա ասաց, թե ամեն ինչ կագին է: Նրան ասացի, որ աշխատի իրենց խմբասենյակում: Մի փոքր ուշ հանկարծակի սիրտը վատ է զգացել: Ոչ մի ուշագնացություն չի եղել, երբ մենք հասկացանք, որ նա այդքան էլ լավ չի զգում իրեն, արագ շտապօգնություն կանչեցինք եւ օգնեցինք մեր դայակին»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Տնօրենի պարզաբանմամբ` դայակը հետազոտվել է, եւ պարզվել է, որ նա զոբ ունի. «Մեր դայակին մենք 2 շաբաթով բուլետեն ենք տվել, որպեսզի նա առողջանա եւ վերադառնա իր բնականոն աշխատանքին»: Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց մանկապարտեզի աշխատակիցներն այդ օրը չեն մաքրել այլ շենքերի բակերը, այլ մեծ սիրով մաքրել են միայն իրենց մանկապարտեզի բակը. «Առաջին անգամ եմ լսում նման բան, թե մենք պարտադրենք, ասենք՝ եկե՛ք, մաքրե՛ք, կրկնում եմ՝ թիվ 44 մանկապարտեզը մի մեծ ընտանիք է: Այս տարիների ընթացքում մենք մեծ սեր, ջանք ու եռանդ ենք ներդրել, բայց այս մի փոքրիկ միջադեպը մեզ շատ զարմացրեց»:
Այնուամենայնիվ, չնայած թիվ 44 մանկապարտեզի տնօրինության հավաստիացումներին՝ «Ժողովուրդ»-ին ահազանգած Աջափնյակ համայնքի 2-րդ շղթայի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկավարժների, ինչպես նաեւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքներն այլ բան են վկայում. մանկավարժներից շատերը այդ օրը ստիպողաբար են մասնակցել շաբաթօրյակին` սեփական աշխատանքը չկորցնելու եւ օրվա հացի կարոտ չմնալու պատճառով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս