Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Իհարկե, քննությունը կպարզի` ինչու ԴԱՀԿ աշխատակիցներն իրենց պարտականությունները չեն կատարել, սակայն չի բացառվում, որ պարզվի` նրանք պարզապես ցանկություն չեն ունեցել կամ ալարել են կատարել իրենց աշխատանքը: Իսկ երբ են աշխատանքը կազմակերպվում ուզել-չուզելու սկզբունքով: Իհարկե, այն ժամանակ, երբ նրանք համոզված են, որ իրենց աշխատանքը չի վերահսկվի, վերադասը նկատողություն չի տա, քանի որ, մեծ հաշվով, նա էլ տեղյակ չէ` ինչով են զբաղված ենթակաները, աշխատում են արդյոք, թե ոչ:
Ժամանակից բնավ առաջ չընկնելով և քննությամբ ձեռք բերված փաստերը չխեղաթյուրելով` պետք է նշել, որ վերոնշյալ վարկածը պակաս հավանական չէ` ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը («Քեթրին»-ի Միհրան) զբաղվում է ամեն ինչով, բացի այն աշխատանքով, որն իրենից պահանջում է օրենքն ու զբաղեցրած պաշտոնը:
Իսկ Միհրան Պողոսյանը, ինչպես հայտնի է, հզոր քեռիների հարուստ զարմիկն է: Նա իր պաշտոնը երկար տարիներ է զբաղեցնում, այդտեղ «անփոխարինելի» է և հայտնի է հատկապես Արդարադատության նախարարների հետ վատ հարաբերություններ ունենալու իր «սովորությամբ»:
38-ամյա Մ. Պողոսյանը երկու մասնագիտություն (տնտեսագետ, իրավագետ) ունեցող պաշտոնյաներից է, ով դեռևս ուսանողական տարիներից գործարար է եղել. նա «Քեթրին Գրուպի» հիմնադիրն է:
2008-ին Պողոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող: Շատերը գիտեն, որ Միհրան Պողոսյանի կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները: Վերջիններս գործարարներ են և հենց նրանց են պատկանում ՀՀ քաղաքացիների գրպանին մեծ հարված հասցնող Երևանի կարմիր գծերի վճարովի ավտոկանգառները՝ «Պարկինգ Սիթի»-ն, ինչպես նաև՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ»-ը:
Ինչպես հաճախ է նշում Միհրան Պողոսյանը, ինքը գործարար չէ, այլ միայն տարածքներ է վարձակալությամբ տալիս: Այդ տարածքների մեջ էր մտնում նաև «Ֆռեշ» սուպերմարկետը: Նա ցիտրուսային մրգերի ներկրման շուկայի վերահսկողությունն իր ձեռքի տակ է վերցրել: Նրա անվան հետ բազմաթիվ այլ բիզնեսներ են կապվում:
Մշտապես էլ խոսվել է այն մասին, որ կառավարությունում չպետք է պաշտոնավարեն այնպիսի մարդիկ, որոնք զբաղվում են բիզնես գործունեությամբ: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաև Հովիկ Աբրահամյանը, երբ դեռ նոր էր նշանակվել ՀՀ վարչապետ: Խոստումից անցել է մեկ տարի, սակայն Մ. Պողոսյանն անխռով շարունակում է իր գործունեությունը: