ԱՌԱՆՑ ՔԱՐՏԻ
Ճապոնական The Ogaki Kyoritsu Bank-ը սկսել է նոր տեսակի բանկոմատներ կիրառել, որոնց օգտագործման համար քարտ հարկավոր չէ. բավական է միայն բանկոմատի վրա հավաքել ծննդյան տարեթիվն ու ձեռքի ափը դնել բանկոմատի հատուկ սենսորային սարքի վրա: Մինչեւ սեպտեմբերի վերջ բանկը կտեղադրի այսպիսի 18 բանկոմատ, իսկ գարնանը՝ արդեն Օգակի քաղաքի իրենց տարբեր մասնաճյուղերում ու առեւտրի կետերում: Բանկը տեղեկացրել է, որ Ճապոնիայում սա հաճախորդի բիոմետրիկ տվյալների սկանավորման առաջին կիրառման դեպքն է:
20 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Կամերունում մարդկային մարմնի առեւտուր կատարելու կասկածանքով ձերբակալվել է 5 մարդ: Ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ հսկիչանցագրային կետում նրանց մոտ մարդկային գլուխ է հայտնաբերվել: Բացի մարդկային գլխից` ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է նաեւ փղի միս: Նրանք հարցաքննության ժամանակ ասել են, որ գնում էին մայրաքաղաք՝ ապրանքը գնորդին հանձնելու, որը խոստացել էր վճարել 20 հազար դոլար: Մարդկային մարմնի մասերն ու հազվագյուտ կենդանիների մսերը Կենտրոնական Աֆրիկայում թանկ են գնահատվում, քանի որ դրանք օգտագործվում են սեւ մոգության մեջ:
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի Շամքորի շրջանում մի բնակիչ «Մազդա» մակնիշի իր ավտոմեքենայով կնոջը տարել է անմարդաբնակ վայր, նրան ծեծել բռունցքներով եւ ոտքերով, ապա մեքենայով մի քանի անգամ անցել վրայով: Ենթադրվում է, որ կինը դեռ կենդանի է եղել, երբ ամուսինն առաջին անգամ վրաերթի է ենթարկել նրան: Եթե դա ապացուցվի, ապա ամուսնու դեմ քրեական գործ կհարուցվի առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հատկանիշներով: Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա:
ԿԱԽՎԵԼ Է
Բրյանսկի շրջանում 8-ամյա աղջիկը, կախվելով ծառից, մահացել է: Տեղի քննիչների խոսքով` դեպքի միակ վկան անչափահաս մի երեխա է, որն այդ պահին աղջկա կողքին է եղել: Նա ոստիկաններին պատմել է, որ ծառի ճյուղից պարան է կախված եղել: Աղջիկը խաղացել է պարանի հետ, ճոճվել, այնուհետ քարկապ արել եւ գլխին հագցրել: Տղան փորձել է հետ պահել, բայց աղջիկը ցատկել է: Դեռ պարզ չէ` տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար: