«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպանվեց Կառլեն Մնեյանը, որի առիթով հետախուզվում է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը: Իսկ, ահա, ապրիլի 13-ին՝ ժամը 11-00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհին հայտնաբերվեց Սեւան քաղաքի բնակիչ, «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի եւ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքներով:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը զրուցեց սպանված Վիգեն Հայրոյանի փեսայի` Ռուբիկ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ով էր Վիգենը եւ ինչու պետք է սպանվեր: Ըստ մեր զրուցակցի՝ Վիգենը որեւէ թշնամի չի ունեցել, իսկ թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ, չեն կարող ասել. «Ամուսնացած չէր, երկար տարիներ աշխատում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սեւանի մասնաճյուղում: Հիմա այն վիճակում ենք, որ որեւէ բան չենք կարողանում հասկանալ: Մենակ գիտեք, որ առավոտյան ընտանիքի անդամներին ասել է՝ գնամ մեքենայի գազը լցնեմ, գամ, եւ հետո մեզ զանգահարեցին եւ ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: