«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ռուսական կազմակերպությանն առանց աճուրդի տարածք վաճառեց Ծարավ Աղբյուրի փողոցում: Սա «Սերժի շենքեր» կոչվող թաղամասն է, որտեղ Սերժ Սարգսյանը բազմաբնակարան շենքեր է կառուցում ու վարկով՝ 9,5-10 տոկոսադրույք, վաճառում թիրախային խավին: Հիմա, որպեսզի սոցիալական աջակցությունն «ամբողջական» լինի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տարածք են ուղիղ վաճառել, որպեսզի դպրոց, մանկապարտեզ եւ լողավազան կառուցի, որոնք ոչ թե լինելու են պետական հաստատություններ՝ անվճար հիմունքներով, այլ մասնավոր կրթական հաստատություններ: Այս ծրագրի իրականացման համար «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է 49,3 մլն դոլարի ներդրում կատարել:
Թե ինչու ուղիղ վաճառքով, այլ ոչ թե աճուրդով, այս հարցը, ինչպես միշտ, մտահոգեց միայն «Բարեւ, Երեւան» խմբակցությանը, իսկ ընդդիմադիր ԲՀԿ-ն, իր սկզբունքներին հավատարիմ, դակեց Տարոն Մարգարյանի որոշումը՝ մի բան էլ գովաբանելով այս ազգանվեր գործը: Այսպիսով, «Երեւան քաղաքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին: 2. Թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ Երեւանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ. 55/25 հասցեում գտնվող, 6716.45 քմ ընդհանուր մակերեսով շինությունները եւ 31841.05 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը: 3. Սահմանել՝ 1) անկախ գնահատողի կողմից 2015 թվականի ապրիլի 7-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 300 000 000 ՀՀ դրամ, 2) ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 300 000 000 ՀՀ դրամ»:
Ինչո՞ւ ոչ աճուրդ, եւ ո՞րն է այդ անկախ կազմակերպությունը, բարձրաձայնեց «Բարեւ, Երեւանի» անդամ Դավիթ Սանասարյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: