“Ժողովուրդ” օրաթերթը վերջերս տեղեկացրել էր, որ կառավարությունը պատրաստվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ ներկրելու մենաշնորհը տալ ՊԵԿ-ին՝ արգելելով մյուս կազմակերպություններին զբաղվել նման գործունեությամբ: Եւ ահա, ինչպես տեղեկացրին կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս գործընթացը թեւակոխել է բավական լուրջ փուլ. կառավարությունում արդեն իսկ հեղինակել ու ներքին շրջանառության մեջ են դրել “Հսկիչ դրամարկղային մեքենաների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Այն, մի քանի կոսմետիկ փոփոխությունից բացի, նախատեսում է խիստ մտահոգիչ մեկ դրույթ. ըստ նախագծի՝ 2013թ. հունվարի 1-ից հսկիչ դրամարկղային մեքենաները պետք է ներկրի բացառապես մեկ ընկերություն, որին էլ կընտրի ՊԵԿ-ը: Ընդ որում, նա ներկրելու է բացառապես մեկ տեսակի ՀԴՄ:
Դժվար չէ ենթադրել՝ այդ ընկերությանը որոշելու համար անգամ հայտարարվելիք մրցույթը չի ,օգնիե: Այսինքն՝ ազատ տնտեսական հարաբերությունների մասին հայտարարություններ անող ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը ցանկանում է այս ոլորտում բացարձակ մենաշնորհ հաստատել: Թե ում բաժին կհասնի ՀԴՄ-ներ ներկրելու բացառիկ իրավունքը, դժվար չէ ենթադրել. այն կլինի կա՛մ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մենաշնորհը, կա՛մ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի: Հատկապես որ նա այս ընթացքում հասցրել է աննկատ կերպով իր ձեռքը դնել տարբեր շահութաբեր ոլորտների վրա՝ առնվազն մասնաբաժին ունեցողի կարգավիճակով:
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ այս նախագիծն ուղարկվել է տարբեր նախարարություններ, նաեւ՝ առեւտրաարդյունաբերողների պալատ՝ դրա վերաբերյալ համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով: Ու միայն հետո նախագիծը կներառվի կառավարության նիստի օրակարգ, հավանության արժանանալու դեպքում կուղարկվի ԱԺ: Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարությունում, նաեւ՝ առեւտրաարդյունաբերողների պալատում, այս նախագիծը միանշանակ չի ընդունվել: Բացի այդ, բավական լուրջ դժգոհություններ է հարուցել ՀԴՄ-ների ներկրմամբ զբաղվող ընկերություններում: Այսօր այդ բիզնեսով զբաղվում է 5-6 ընկերություն, ու հիմա նրանք կանգնած են փակման՝ այդպես գործազուրկների բանակը համալրելու վտանգի առաջ:
Ու մինչ կառավարության ներսում բավական խնամքով նախապատրաստվում է այս գործընթացը, Սերժ Սարգսյանը շարունակում է իր շոու ներկայացումները: Նրա գլխավորությամբ հերթական բեմադրությունը երեկ կայացավ ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ինչպես կառավարությունում, այնպես էլ այստեղ Սերժ Սարգսյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ սկսեց խոսել պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երեւույթների մասին՝ տպավորություն ստեղծելով, թե ինքը նոր-նոր է ծանոթացել երկրում տիրող իրավիճակին: Ավելին, տպավորություն էր, որ Ս. Սարգսյանը մինչ այս ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել, ո՛չ էլ վարչապետի: Ու այսպես նա “անկեղծորեն” զայրացավ ՊՆ կարիքների համար իրականացվող գնումների գործընթացում առկա թերությունների կապակցությամբ, հանդիմանեց բոլորին: “Պատկերացնո՞ւմ ես՝ դու գումարտակի հրամանատար լինես, մեկ էլ լսես, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլար պարտք է վերցրել մատակարարից: Եւ ի՞նչ կմտածես: Չե՞ս մտածում, որ էդ 200 հազարի մի մասը գնացել է ԳՇ պետին, մի մասը՝ պաշտպանության նախարարին… բա ի՞նչ, բա ի՞նչ, բա էդ մարդն ի՞նչ պետք է մտածի”,-իր հերթական մենախոսությունն այս անգամ էլ ՊՆ-ում ներկայացրեց նա:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հասարակությունն այդպես էլ չհավատաց իշխանությունների քարոզչությանը: Թվում էր՝ կառավարության անցկացրած խորհրդակցությունից ու դրան հետեւած արձագանքներից հետո Սերժ Սարգսյանը պետք է առ ժամանակ հրաժարվեր գեբելսյան մեթոդաբանությամբ նման պարզունակ ու էժանագին քարոզչությունից: Բայց ո՛չ, դատելով նրա ելույթների հաճախակիությունից՝ նա նույնիսկ սկսել է հավատալ իր ասածների ճշմարտացիությանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ