Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը օրեր շարունակ հրթիռակոծության է ենթարկվում: Հալեպի հայկական պարբերականները բարձրաձայնում են, որ այնտեղից երեխաներին ու կանանց տարհանելու անհրաժեշտություն կա: Իսկ թե ՀՀ ԱԳՆ-ն կամ Սփյուռքի նախարարությունն ինչ քայլեր են կատարում այս ուղղությամբ, փորձեցինք ճշտել հենց նախարարություններից:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղից մարդ տարհանելու տարբերակ չկա, ճանապարհները փակ են: «Մենք ոչ մի բան չենք կարող անել: Ճանապարհը փակ է: Ուղղաթի՞ռ ուղարկենք, որ օդում խփեն»,- ասաց Բալայանը:
Դիտարկմանը` ստացվում է ԱԳՆ-ն ձեռքերը ծալած նստած է և ոչ մի բան չի անում, Բալայանն արձագանքեց. «ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ է տանում սիրիահայության անվտանգությունը և հայկական պատմամշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու համար»:
Իսկ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք յուրաքանչյուր օր կապ են հաստատում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկում են, ծանոթանում են իրավիճակին: «Այս պահին այնտեղ իրավիճակն այսպիսին է. ներխուժման որևէ վտանգ չկա, կա հրթիռակոծության վտանգ: Անտեղ ժամանակավոր ջրամատակարարման խնդիր կա: Այս պահին հարաբերական հանգիստ է: Շրջանառության մեջ էր մտել նաև, որ հայ երեխաներին բերեն Հայաստան: Նման բան արել էինք 2-3 տարի առաջ, պատերազմի թեժ պահին: Հիմա եթե տեղում նման ցանկություն կլինի, մենք ամռանն այդ երեխաների հանգիստը կկազմակերպենք»,- ասաց Զաքարյանը:
Դիտարկմանը, թե Սիրիայի հայկական պարբերականները բարձրաձայնում են այնտեղից կանանց և երեխաներին դուրս բերելու հարցը, Ֆ. Զաքարյանն այդ առնչությամբ նշեց. «Շատ անհատներ կարող են տարբեր հարցերի շուրջ ուշադրություն հրավիրել, բայց մենք պետք է հաշվի նստենք տեղի հայ իշխանությունների հետ: Նրանք որոշումը կկայացնեն: Այս պահին այնտեղ դեռ ընդգծված դիրքորոշում չկա: Երբ կհստակեցնեն, մեր առջև այդ հարցը կբարձրաձայնեն, կընդունենք: Կառավարությունն էլ արդեն ցանկություն հայտնել է այդ մասին»,- ընդգծեց Ֆիրդուս Զաքարյանը:
Մեր հարցին` եթե այժմ հայ համայնքի ներկայացուցիչները ցանկություն հայտնեն երեխաներին և կանանց տեղափոխել Երևան, ի՞նչ միջոցներով են պատրաստվում դա կազմակերպել, քանի որ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք ֆիզիկապես հնարավորություն չունեն մարդկանց Հայաստան տեղափոխելու ո´չ օդային, ո´չ ցամաքային ճանապարհով, Զաքարյանը պատասխանեց. «Ուրեմն դա կլինի այն պահին, երբ իրական հնարավորությունը կստեղծվի: Եթե մի բան անհնարին է, մենք չենք կարող անհնարինը դարձնել հնարավոր: Այսինքն` պետք է պահը հասունանա, տեխնիկական հնարավորություններ լինեն և այլն: Համենայնդեպս, տեղի հայ համայնքը իր դիրքորոշումը ճշգրտելուց հետո մեզ կասի, մենք կմտածենք` ելնելով ստեղծված իրավիճակից: Աստեղ նստած մենք չենք թելադրելու, մենք հաշվի ենք նստելու հայ համայնքի հետ»,- եզրափակեց իր խոսքը Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Քրիստինա Աղալարյան