Էջմիածնում սպանվածի հայրը ՃՈ պետ էր, եղբայրը` գործարար. ինչի համար է նախկինում դատապարտվել 51-ամյա տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ուշ գիշերին սպանության դեպք է գրանցվել Էջմիածին քաղաքում: Քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով: Տղամարդու դին ընկած է եղել իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայկարամ Գրիգորյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ նա դատապարտվել է ազատազրկման 1999 թվականին 8 տարի ժամկետով, ապա 2000 թ.-ին հանցանքների համակցությամբ` ևս 3 տարի ժամկետով: 2003թ.-ին պատժաչափը կրճատվել է` դառնալով 5 տարի, և ազատ է արձակվել:

Վերջին անգամ Հայկարամ Գրիգորյանը դատապարտվել է 2012 թվականին` ալկոհոլի ազդեցության տակ հասարական կարգը խախտելու մեղադրանքով: Նա տուգանվել է 50 հազար դրամի չափով:

Վերոնշյալ դատվածությունները եղել են հրդեհային անվտանգության կանոնները խախտելու, անձի իրավունքները խախտող միավորում ստեղծելու և այն կառավարելու մեղադրանքներով: Հավելենք, որ նրա նկատմամբ 2000 թվականին հոգեբուժական հարկադիր բուժում է նշանակվել:

Նա վերջին անգամ դատապարտվել է խաղատանը խառնաշփոթ սարքելու և աշխատակիցներին սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելու մեղադրանքով: Ի դեպ, այդ օրը եղել է Հայկարամ Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի նշանդրեքի արարողությունը: Արարողությանը մեծ չափաբաժնով ալկոհոլ օգտագործելու հետևանքով Հ. Գրիգորյանը հայտնվել էր ամբաստանյալի աթոռին: Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայկարամ Գրիգորյանը Էջմիածնում վարձակալական հիմունքներով է բնակվել: Նրա ազգականները Արմավիրի մարզի Արևիկ գյուղից են, Հ. Գրիգորյանի ընտանիքն էլ այստեղ հողատարածք և տուն ունի:

Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը Armlur.am-ին հայտնեց, որ ոչ ոք չի կարողանում հասկանալ` ինչը կարող էր լինել Հայկարամ Գրիգորյանի սպանության դրդապատճառը: Մեր զրուցակցի խոսքով, նա որևէ թշնամի չուներ, իր տեղեկություններով, պարտքեր էլ չուներ. «Երկու որդի ունի, մեկն ամուսնացած է, ապրում է ԱՄՆ-ում, վերջերս վերադարձել, երեխաներին է կնքել: Հայրը ՃՈ պետ է եղել, մահացել է արդեն: Հորեղբայրն էլ էր համակարգի աշխատող, դատավոր էր, նա էլ է մահացել: Դատվածություններից միայն մեկին եմ ծանոթ: Գիտեմ, որ ինչ-որ գումարային հարցեր են եղել, վիճաբանություն է ստեղծվել: Գյուղացիների հետ էլ որևէ խնդիր չունի, ընդհակառակը ինքն էր օգնում բոլորին: Բարի, աշխույժ մարդ էր»:

Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ առավել հայտնի է Հայկարամ Գրիգորյանի մեծահարուստ եղբայրը՝ Հայկազ Գրիգորյանը, ով մեծ բիզնեսներ ունի արտերկրում: Իսկ սպանվածը զբաղվում էր տարբեր գործերով, օգնում էր եղբորը բիզնեսների հարցում, գյուղատնտեսությամբ էր զբաղվում:

Կատարվում է քննություն:




Լրահոս