ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում զարգացում և առաջընթաց է նկատում: Այս մասին նա նշեց այսօր կայացած ասուլիսի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ շուտով կգա այն ժամանակը, երբ որևէ պետություն Ցեղասպանության ճանաչումը կախման մեջ չի դնի իր տնտեսական և քաղաքական շահերից, ինչպես հիմա որոշ պետություններ շարունակում են անել».- նշեց Հայրունին:
Նա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում կարևորում է տարբեր երկրներում հասարակական կարծիքի ձևավորումը: «Միայն վերջին շաբաթների ընթացքում Եվրոպայում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին այնպիսի իրազեկում եղավ, ինչպես չէր եղել վերջին տասնամյակների ընթացքում: Եվ սա շատ ողջունելի և ուրախալի է, քանի որ հասարակական կարծիքը շատ կարևոր հանգամանք է, որպեսզի պետական քաղաքականությունն ուղղորդվի»,- ընդգծեց Հայրունին:
Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի կառավարությանը, որը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այս ամենը խիստ մտահոգում է : «Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ Թուրքիայում հասարակական ճնշման ներքո այդ երկրի կառավարությունը ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուրախալի է, որ Թուրքիայի հասարակություն արդեն բավականաչափ իրազեկված է Հայոց ցեղասպանության մասին, և թուրքերի կողմից ի հայտ են գալիս նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- եզրափակեց պատմաբանը: