Գյումրեցիները ռուս իշխանավորին բացատրում են, թե իրենց սխալ քայլերն ինչ լուրջ հետևանքներ կունենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 15:00-ին Գյումրիի ՌԴ հյուպատոսության շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց կանցկացնեն: Armlur.am-ի հետ զրույցում գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշեց, որ իրենք կողմնակից են, որ հարցն իրավական հարթությունում լուծվի, իսկ իրավական հարթությունում ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, սակայն դեռ պատասխան չկա: «Քանի որ առաջիկայում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն են, մենք շատ սուր չենք փորձում, այլ հանգիստ, խաղաղ միջոցներով հարցը բարձրացնել»,- ասաց նա:

Նշենք, որ ֆեյսբուք սոցցանցում ստեղծվել է էջ` «Նվեր` պրն Չայկային» անունով, որտեղ նշված է, որ նվեր են պատրաստել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի համար: Կարեն Պետրոսյանը վերը նվածի վերաբերյալ ասաց, որ իրենք նվեր են ուզում հանձնել, ցույց տալով, որ թշնամիներ չեն, այլ` ճիշտ հակառակը:

«Նվիրում են սովորաբար բարեկամին: Նվիրում ենք, որ իրենք հասկանան, որ կարևոր են հայ-ռուսական հարաբերությունները, Գյումրիում ամենօրյա համակեցություն կա հայերի ու ռուսների միջև: Ես չեմ ուզում, որ ամեն օր փողոցում որևէ ռուս զինվորականի տեսնելուց հիշեմ անարգանքը, որ ստացել եմ ռուս իշխանավորից: Դա իմ երկրի արժանապատվության հարցն է: Սա իմ համար վիրավորանք է, ազգային արժանապատվությանը վերաբերող հարց է: Իմ մեջ մնալով` սա կարող է հետո ռուս ազգի ներկայացուցչի նկատմամբ ատելություն առաջացնել: Մեր մոտեցումն այնպիսին է, որ իշխանավորին պետք է բացատրել, որ սխալ քայլերը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Եվ այդ հետանքները մենք իրեն բացատրում ենք, որ հետո այդ պատասխանատվությունը մեզ վրա չմնա»,- մանրամասնեց Կարեն Պետրոսյանը:

Իսկ թե նվերն ինչ է լինելու, Կ. Պետրոսյանը փակագծերը չբացեց` ավելացնելով, որ տեղում կհանձնեն, մեկնաբանություն կանեն և բոլորի համար հասկանալի կլինի, թե ինչու են ընտրել հենց այդ նվերը:

Հիշեցնենք, որ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան ապանությունից անցել է 3 ամիս, սակայն պահանջները չեն կատարվել. ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին չեն հանձնել:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս