Հռոմի պապի հայտարարությունն ԱՄՆ-ին ուղղորդող գործոններից մեկն է. Բորիս Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Jerusalem Post իսրայելական հրատարակչությունը երեկ ծավալուն հոդված էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում քննադատում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր խոստումը չկատարելու համար: Ինչպես հայտնի է` 2008թ. նա հայտարարել էր, թե «մտադիր է ԱՄՆ-ի համար լինել այն նախագահը, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին ու պատասխան կտա բոլոր ցեղասպանությունների համար»:

Իսկ օրեր առաջ էլ բեկումնային իրադարձություն էին դարձել Վատիկանում մատուցված Սուրբ պատարագն ու Հռոմի պապի խոսքերը: Օբամայի` «Ցեղասպանություն» բառն արտասանելու հնարավորության և Հռոմի պապի խոսքերի ազդեցության մասին Armlur.am-ը զրուցեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

– Պարո´ն Նավասարդյան, ամեն տարի հայերը սպասում են, որ Բարաք Օբաման կկատարի իր խոստումն ու կարտասանի «Ցեղասպանություն» բառը: Նրա խոստումից անցել է յոթ տարի, սակայն դա այդպես էլ տեղի չի ունենում: Այս տարի նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

–  Ես չեմ կարող այդպիսի կանխատեսում անել: Հիմքեր չունեմ մտածելու, որ նա կփոխի իր դիրքորոշումը կամ չի փոխի: Բավարար հիմքեր չունեմ:

– Օրեր առաջ Հռոմի պապը պատարագի ժամանակ հայերի հետ տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն կոչեց, վերջին շրջանում եղել են նաև հայտարարություններ շատ երկրների խորհրդարանների կողմից:  Այս ամենն իր ազդեցությունը չի թողնի՞  Բարաք Օբամայի ելույթի վրա: 

– Այդ բոլորն, իհարկե, գործոն են, բայց կան նաև այլ գործոններ: Դա ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն են կոնկրետ այս պահին և այլ աշխարհաքաղաքական հարցեր, մարտահրավերներ, որոնք պետք է ԱՄՆ նախագահը հաշվի առնի` որոշումը վերջնականապես կայացնելու համար: Այդ բոլորը հաշվարկելը շատ դժվար է, չեմ բացառում, որ Վաշինգտոնում դեռ վերջնական որոշում չկա:

– Հռոմի պապի հայտարարությունը կարևորեցին բոլորը: Շատերը նշեցին, որ կարող է բեկումնային լինել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Այն ի՞նչ կարևորություն էր ներկայացնում: 

– Իհարկե, քանի որ, ամեն դեպքում Հռոմի պապը` որպես ինստիտուտ, շատ ընդունված և մեծ հեղինակություն ունեցող մարմին է և, բնականաբար, կաթոլիկ և քրիստոնյա երկրների համար նրա կարծիքն ու մոտեցումը շատ կարևոր են:  Եվ, բնականաբար, կլինեն երկրներ և կան երկրներ, որոնց համար դա հիմնական ուղղորդող հանգամանքը կամ գործոնը կարող է լինել: Բայց ԱՄՆ-ն, լինելով գերտերություն, իհարկե, այդ երկրների շարքում չէ: ԱՄՆ-ի համար Հռոմի պապի այդ հայտարարությունը ընդամենը գործոններից մեկը կարող է լինել:

Կարելի է ասել` Հռոմի պապի գլխավորությամբ անցկացրած պատարագը Թուրքիայում մեծ խուճապ է առաջացրել: Արդյոք, Թուրքիան չէր սպասո՞ւմ, որ Հռոմի պապի կողմից նման հայտարարություն կլինի: 

– Ես դա խուճապ չէի համարի: Անկախ նրանից, թե Թուրքիայում ինչ սուր, կտրուկ հայտարարություններ են արվում հիմա, երևի նախապես վերլուծել էին իրավիճակը և գիտակցում էին, որ Հռոմի պապն այդ հայտարարությունը կանի: Այնպես որ, այսօրվա հայտարարություններն ավելի շատ միջազգային, հանրային կարծիքի վրա ազդեցության համար են և ոչ թե արտահայտում են խուճապ կամ զարմանք: Կարծում եմ` դա իրենց համար անսպասելի չի եղել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս