Այսօր պետք է տեղի ունենար ԲՀԿ կուսակցության և ավագանու համանուն խմբակցության նախկին անդամ Րաֆֆի Գոյզալյանի ասուլիսը: Հիշեցնենք, որ նա օրեր առաջ կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու հայտարարություն էր տարածել: Այսօր նախատեսված ասուլիսում Գյոզալյանը պետք է ներկայացներ կուսակցությունը լքելու պատճառներն ու հետագա ծրագրերը:
Սակայն ասուլիսից առաջ զանգահարել են վերջինիս և նշել, թե այն չեղյալ է համարվել: Armlur.am-ը զրուցեց Րաֆֆի Գյոզալյանի հետ` պարզելու, թե որն է եղել ասուլիսի չեղյալ հայտարարման պատճառը:
– Ո՞րն է եղել այսօր նախատեսված ասուլիսի չկայանալու պատճառը:
– Ինչ-որ մանրամասների ինքս էլ չեմ տիրապետում: Չեմ ուզում, մանրամասները չիմանալով, ինչ-որ եզրակացություններ անել: Բայց, ամեն դեպքում, այնպես ստացվեց, որ մենք արդեն մտնում էինք այդ սրահը, մեզ ասացին, որ ասուլիսավարն իրեն վատ է զգում և ասուլիսը չի լինելու: Դրանից մոտ մեկ ժամ հետո ինձ մեկ այլ տեղից զանգահարեցին և հարցրեցին, թե ինչու չեմ եկել: Իմ պատասխանից հետո` զարմացան, ասեցին, որ մեզ են սպասել և իրենց ասել են, որ չենք գալու:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր նախկին գործընկերների միջամտության պատճառով է չեղյալ համարվել ասուլիսը:
– Կարող է` այդպես է, կարող է` այդպես չի: Ավելի ճիշտ է չենթադրել. փաստը մնում է փաստ, որ այսօր պետք է ասուլիս լիներ, մենք հասել էինք արդեն ասուլիսի վայր և ասացին, որ այն չի լինելու: Մի ժամ շուտ էլ չէին ասել, որ մենք իմանայինք: Այդքան բան, եզրակացություն անելուց զերծ կմնամ, որովհետև չեմ ցանկանում այս մի ասուլիսի օրինակի վրա ինչ-որ մարդկանց վատ իրավիճակի մեջ գցել:
– Իսկ կուսակցությունից դուրս գալուց հետո ինչպիսի՞ հարաբերություններ են առկա ձեր նախկին գործընկերների հետ: Օրինակ, հրաժարականի դիմումը ետ վերցնելու մասին զանգեր եղե՞լ են:
– Ես կուսակցությունում ունեմ ընկերներ, ունեմ մարդիկ, որոնց հետ ես երկար ժամանակ աշխատել եմ: Բոլորի հետ էլ ընկերական շփման մեջ եմ: Եթե կուսակցությունն իրեն քաղաքական ուժ է համարու, ապա վարկաբեկումներով պետք է չաշխատի:
Նաիրա Հովհաննիսյան