Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում ներկայացվել էր մի զեկույցի նախագիծ, որը կոչվում էր «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Դրան փորձել էր ընդդիմանալ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ինչի արդյունքում հայկական պատվիրակության անդամներին դահլիճից դուրս էին հրավիրել: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն մայիսին այդ զեկույցի հեղինակը Հայաստան է ժամանելու՝ այն ՀՀ իշխանությունների հետ քննարկելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ՝ մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները եւ մանդատը` որպես ագրեսոր երկիր, իսկ երկրորդ նախագծով էլ, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով՝ «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»: Արդյունքում որոշվեց պատրաստել այս զեկույցը եւ զեկուցող նշանակել անգլիացի Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով:
Տեղեկացնենք նաեւ, որ ԵԽԽՎ սեպտեմբերի նիստում, երբ Նաղդալյանը ցանկացել էր նշված զեկույցի հետ կապված ելույթ ունենալ, անթույլատրելի շեշտադրումներով եւ սպառնալիքներով էր խոսել, ինչի արդյունքում հանձնաժողովի անդամները վրդովվել էին ու անգամ անջատել Հ. Նաղդալյանի խոսափողը, դադարեցրել ելույթի թարգմանությունը: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը ոտքի էր կանգնել եւ աղմուկ բարձրացրել, ինչից հետո նիստի ղեկավարությունը որոշում էր կայացրել հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս հրավիրել եւ նիստը շարունակել առանց նրանց:
Նախօրեին արդեն ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԱԺ-ում հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման աշխատանքներին մեր պատվիրակների մասնակցության հարցը: Հայկական կողմը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք միանշանակ չեն մասնակցելու այս նախագծին, քանի որ դրա անվանումն արդեն իսկ հակահայկական է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսին արդեն անգլիացի Ռոբերտ Վալտերին կլինի Հայաստանում՝ զեկույցը ՀՀ իշխանությունների հետ քննարկելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ իշխանությունները եւս չեն պատրաստվում զեկույցը քննարկել: Նախատեսվում էր, որ Վալտերին գնալու է նաեւ Արցախ, սակայն ԼՂՀ իշխանություններն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նրան ընդունել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ