Ռուսաստանը որոշում է կայացրել` ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններից և ազգային շահերից. Վահան Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան հնարավոր այցի, Վատիկանում տեղի ունեցած պատարագի մասին Armlur.am-ը զրուցեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ:

– Պարո´ն Շիրխանյան, ապրիլի 24-ին ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: ՌԴ-ն համարվում է Հայաստանի դարավոր բարեկամն ու ռազմավարական գործընկերը. այս տեսանկյունից ճի՞շտ է Թուրքիայում նման բարձր մակարդակով ներկայացվածությունը: 

– Մենք Թուրքիայի հետ, համենայն դեպս, պատերազմի մեջ չենք: Եվ մեր ռազմավարական դաշնակիցն այստեղ որոշումը կայացրել է` ելնելով նրանից, որ Թուրքիայի հետ ինքն ունի լուրջ հարաբերություններ, տնտեսական` առաջին հերթին: Եվ եթե որոշել է, որ պետք է ներկա գտնվի այդ միջոցառմանը, ուրեմն` դա ելնում է իրենց ազգային շահերից:

– Սակայն դեռևս պարզ չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, թե` ոչ:

– Հայտարարություն եղել է, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, և կարծում եմ` այդպես էլ կլինի: Եվ դա ինձ լիովին բավարարում է:

-Բայց, կարծես թե, Վլադիմիր Պուտինը դեռևս չի շտապում վերջնական հայտարարել Հայաստան գալու մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ վերջնական հայտարարություն չի արվում:

– Որևէ մեկը չգիտի` նա լիարժեք պատասխան արդեն տվել է, թե` չէ: Դա արվում է պետական հարաբերությունների խողովակներով: Ինչ գիտե՞ք, որ համաձայնությունը չկա, նախապատրաստական աշխատանքները վաղուց չեն գնում: Իսկ Հայաստան գալու հայտարարությունը եղել է: Հուսանք, որ կհստակեցվի և կգա:

– Այնուամենայնիվ, Պուտինի` Հայաստան չգալն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի վրա:

– Պետք չէ խոսել մի բանի մասին, որը չի եղել: Նա ասել է` գալու է, սպասենք` գա: Իսկ եթե չեկավ, կտեսնենք` ով է գալու, ինչ են խոսելու: Ինչո՞ւ ենք դեպքերից, ժամանակից առաջ անցնում: Հայ-ռուսական հարաբերությունները խորը հիմքերի վրա են դրված: Դրանք չեն կարող սասանվել, փոփոխվել:

– Պարո´ն Շիրխանյան,  մեծ իրադարձություն էր Վատիկանում անցկացված պատարագն ու Հռոմի պապի հայտարարությունը: Ի՞նչ հետևանքներ եք տեսնում:

– Հայաստանի և Թուրքիայի համար, երևի թե, ամենամեծ իրադարձությունն էր: Ես, օրինակ, շատ գոհ և շնորհակալ եմ Հռոմի պապից, այդ պատարագն անցկացրեց և խոսեց  Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիային դրեց փաստի առաջ:

– Իսկ նրա հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այլ երկրների վրա:

– Շատ մեծ, շատ լուրջ: Համենայնդեպս կաթոլիկ եկեղեցին շատ մեծ ազդեցություն ունի տարբեր երկրներում, նրա ժողովուրդների, ինչու չէ` նաև պետությունների վրա:

– Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վրա որևէ ազդեցություն կունենա՞: Ապրիլի 24-ին ընդառաջ` կրկին քննարկվում է` նա կասի ցեղասպանություն բառը, թե` ոչ:

– Ես չգիտեմ` ինչպես իրեն կպահի ԱՄՆ-ի նախագահը: Ես չեմ կապում որևէ լուրջ հույս նրա հետ, որովհետև նրա կատարած գործերն աշխարհում ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ նա արդարության կողմնակից երբեք չի եղել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս