«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ մի շարք դասախոսներ եւ լաբորանտներ, տեղեկանալով, որ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում բարձրացրել են դասախոսների եւ լաբորանտների աշխատավարձը, խիստ զայրացել են, որ իրենց նկատմամբ ԵՊՀ ռեկտորն անտարբեր վերաբերմունք է դրսեւորում: Շատ աշխատակիցներ պատրաստվում են բողոքի ալիք բարձրացնել: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր օգոստոսի 22-ի համարում անդրադարձել էր այս խնդրին, եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ աշխատավարձերը բարձրացրել են 1 տարի առաջ, եւ «եթե ամեն ինչ լավ գնա, հունվարի 1-ից սկսած՝ նորից կբարձրացնեն»: Իսկ «լավ գնալը» կախված կլինի այն հանգամանքից, թե քանի ուսանող կունենան եւ ինչպես կհավաքագրեն ուսման վճարները:
Խնդրի առնչությամբ կրկին զրուցեցինք Արամ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, մայր բուհի դասախոսները, լսելով Մանկավարժական համալսարանում աշխատավարձերի բարձրանալու մասին, պատրաստվում են բողոքի ալիքի աշխատավարձերի ցածր լինելու պատճառով: Ի՞նչ եք անելու:
-Չկա այդպիսի բան, դա հնարանք է, ոչ մի բողոքի ալիք էլ չկա: Երեւանի պետական համալսարանն ինքն իր գործունեությունը տանում է` չնայելով աջ ու ձախ, թե ով ինչ է արել: Մանկավարժական համալսարանը կարողանում է, անում է, մենք էլ կկարողանանք, կանենք:
-Ե՞րբ կանեք:
-Ես չեմ կարող ասել: Ես Ձեր հարցին մեկ անգամ պատասխանել եմ («եթե ամեն ինչ լավ գնա»-Ք. Մ.)
-Դուք նշում եք, որ բողոքի ալիք չի լինի, դա հնարանք է, բայց մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ դասախոսները չեն լռելու: Ի՞նչ եք պատրաստվում անել հնարավոր բողոքի դեպքում:
-Դուք, ախր, Ձեր հարցը. Հիտլերը ֆիլմում ասում է, թե փոքր ժամանակ քարից ընկնեի, կմեռնեի: Չի կարելի ենթադրությունների վրա բողոքի ծրագիր կազմել: Մենք մեր բնականոն գործունեությունը վարում ենք: Մենք սեպտեմբերին բարձրացրել ենք աշխատավարձերը եւ հույս ունենք նաեւ հունվարի 1-ից էլ բարձրացնել: Այնպես որ, սենսացիաներ ման մի՛ եկեք այս ամենի մեջ: Մենք ոչ մեկի հնարավորություններին ո՛չ նայում ենք ու ո՛չ էլ ուրիշի փողն ենք հաշվում:
-Ինչքա՞ն եք բարձրացրել աշխատավարձը:
-15 000-20 000 դրամով: Դուք արդեն գիտեք, դա կախված է մեր ֆինանսական միջոցներից:
-Այս տարի ինչպե՞ս եք գնահատում Ձեր ֆինանսական միջոցները: Կկարողանա՞ք Մանկավարժական համալսարանի նման ապահովել բարձր աշխատավարձ:
-Մանկավարժականին դեռ հանձնարարական է տրվել վարչապետի կողմից: Նա իր հնարավորությունների սահմանում է անում, մյուսներն էլ չեն կարողանում, չեն անում:
-Այնուամենայնիվ, որքան էլ ժխտեք, բայց փաստ է, որ բողոքի ալիքը կա:
-Գիտեք ինչ, որպես կանոն՝ բողոքում են նրանք, ովքեր դասախոսական որակում չունեն, գիտական աշխատանք, հոդվածներ չեն գրել, իրենց վրա չեն աշխատել, դե իրենք կբողոքեն, բա ինչ կանեն, իսկ նրանք, որոնց որակները բարձր են, լավ էլ աշխատում են: Փողը հենց ընենց երկնքում կախված չէ: Այն պետք է աշխատել:
ՓՈՂԸ ՀԵՆՑ ԸՆԵՆՑ ԵՐԿՆՔՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ