ԵԽ­-ի կողմից ցեղասպանութունը դատապարտող բանաձևը երդում էր եվրոպական արժեհամակարգին. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի նախաշեմին աշխարհասփյուռ հայությունն ակնկալում է քաղաքական նշանակության բանաձևեր, հայտարարություններ և փաստաթղթեր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունից, մասնավորապես, համաեվրոպական քաղաքական կառույցներից: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադանալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որը րոպեներ առաջ ընդունվել է Եվրոպայի խորհրդարանի կողմից:

«Ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում համապատասխան բանաձևի քննարկումը և քվեարկությունը եվրոպական քաղաքական վերնախավի հավատարմության երդում էր եվրոպական արժեհամակարգին, որը խարսխված է
քրիստոնեադեմոկրատական արժեքների վրա, և մերժողականությունը ինքնին պարսավելի երևույթ է Եվրոպայի հոգևոր և քաղաքական կյանքում»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հատուկ շեշտեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, լինելով ԵԺԿ անդամ, երկու այլ քույր հայկական
կուսակցությունների հետ միասին գործադրել էր ջանքեր, որոնք բերել էին հստակ արդյունքի՝ հիշեցնելով, որ փետրվարին ԵԺԿ­ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն ընդունեց: «Եվրոպայի խորհրդարանն ունի նաև ԵԺԿ խմբակցություն, որն ամենամեծն է այնտեղ, և ես կարծում եմ, որ ԵԺԿ քաղաքական համաժողովի դիրքորոշումը
նույնպես իր լուման ունեցավ տվյալ հարցի քննարկման և քվեարկության գործում»,­ շեշտեց Աշոտյանը:

Նա նշեց, որ մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտումը չպետք է կախված լինի քաղաքական հայացքներից և քաղաքական շահերից՝ հավելելով, որ եվրոպական քաղաքական վերնախավից Հայաստանի ակնկալիքները հենց այդպիսին էին:

Եվրոպայի խորհրդարանում ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:




Լրահոս