Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են. ՀԾԿՀ-ն կկանխի՞ թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված որեւէ հստակ տեղեկատվություն չի կարող տրամադրել, բայց կարող է ասել, որ, իսկապես, դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ փոփոխության արդյունքում ընկերությունները վնասով են աշխատում: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ միայն ուսումնասիրություններից հետո կարող են ասել՝ արդյո՞ք առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն լինելու է, թե ոչ:

-Պարո՛ն Նազարյան, արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ը դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան 6 դրամով թանկացնելու համար: Ինչպե՞ս եք արձագանքելու այդ հայցին, արդյո՞ք Դուք կարծում եք, որ կրկին պետք է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

-Մենք որեւէ հայց որեւէ ընկերությունից չենք ստացել, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը հայտնել: Քանի որ սակագինը բազմագործոն եւ բազմաբնույթ է, մենք չենք կարող միայն ՀԷՑ-ի ցանկություններով շարժվել: Կստանանք հայցը, իսկ երբ հայցը ստացանք, բոլորդ էլ կիմանաք, որովհետեւ հայցի ձեւ կա, պետք է նախօրոք 3 բազմատիրաժ թերթերում հայցի մասին հայտարարություն տալ եւ գրել նաեւ իրենց համար ընդունելի սակագնի բարձրացման մասին տեղեկությունը: Իսկ դրանից հետո մեզ 60 օր ժամանակ է տրվում, որպեսզի այդ ամբողջը վերլուծենք, ուսումնասիրենք ու կարողանանք հանրությանը պատասխանել: Ուստի, եթե հիմա ես Ձեր հարցին պատասխանեմ, կա՛մ կիսատ կլինի, կա՛մ թերի, ինչը չեմ ցանկանում անել` ավելորդ աժիոտաժից խուսափելու համար:

-Բայց տեսնելով Հայաստանում տիրող իրավիճակը, երբ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, Դուք ինչպիսի՞ դիրքորոշում ունեք: Ի վերջո, Դուք նախ եւ առաջ հանրության, սպառողների տեսակետն ու շահը պետք է պաշտպանեք, չէ՞:

-Մենք ունենք օրենքով վերապահված գործառույթների որոշակի շրջանակ, որը ենթադրում է առաջին հերթին լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունության ապահովում, երկրորդը` մեր սպառողների շահերի պաշտպանություն, ու մենք էլ պետք է այդ երկուսը համադրելով` կարողանանք հավասարակշռված որոշում կայացնել: Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, ես այսօր որեւէ բան ասել դժվարանում եմ, որովհետեւ, այո՛, կան խնդիրներ, որոնք կարող են, դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, ու նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները, ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը, որոնք ունեն դոլարային պայմանագրեր՝ մեկը միջուկային վառելիքի մասով, մյուսը գազի ներկրման մասով: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է վերլուծել, գնահատել ու հասկանալ: Ես այս պահին որեւէ բան չեմ կարող հստակ ասել, մինչեւ այդ ուսումնասիրությունները չիրականացնենք: Եւ քանի դեռ մենք չունենք, թե գազի սակագնի վերջնական տեսքը ինչպիսին պետք է լինի, բանակցությունները դեռեւս շարունակվում են, որեւէ բան ասել այս մասին, դեռ շուտ է, վաղ է, ես չեմ կարող մոտավոր գնահատականներով մեր ԶԼՄ-ներին հայտնել մի կարծիք, որը կդառնա մեր հասարակության սեփականությունը:

-Իսկ ինչո՞ւ է ՀՀ-ում էլեկտրաէներգիան թանկանում, երբ մենք անգամ էլէներգիա ենք արտահանում, ասել է թե` այդ առումով որեւէ խնդիր չունենք:

-Մենք որտեղից ենք էժան հոսանք գնում՝ դա Որոտանի կասկադն է, Սեւան-Հրազդան կասկադն է, ատոմակայնն է, մնացած բոլորը թանկ են մեզ մոտ: Նման բան չկա, թե մենք էժան գնում ենք, բայց թանկ վաճառում ենք: Բացի կայաններից՝ կան նաեւ ծառայություններ, կա տեղափոխող ընկերություն` դա բաշխիչ ցանցերն են, որոնք էլ իրենց ծառայությունն են մատուցում, դրանք բոլորը գումարվում են ու նոր վերջում դառնում վերջնական սակագին սպառողների համար:

-Լավ, իսկ ինչո՞ւ է Հայաստանում սպառողների համար գազի սակագինն այդքան բարձր, այն դեպքում, երբ սահմանին գազը հասնում է զգալիորեն էժան գնով:

-Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես Ձեզ պետք է հրավիրեմ մեզ մոտ, հսկայական փաստաթղթեր ներկայացնեմ, ժամերով նստենք, մեր մասնագետների հետ բացատրենք, թե ինչու է այդպես ստացվել: Ես հիմա ո՞նց դրան պատասխանեմ, որ դա հասկանալի ու ընկալելի լինի: Հասարակությանը պետք է ճիշտ ազդակ հաղորդել, իսկ ճիշտ ազդակ հաղորդելու համար պետք է այդ բոլոր հաշվարկները բերվի ու վերլուծվի: Ու արդեն Դուք այդտեղ կասեք, թե մենք որտեղ ունենք ավելորդ ծախս: Օրինակ՝ ես լսեցի, որ գազի ժամանակավոր հանձնաժողովում ասացին՝ ինչ-որ տնկիներ, հեծանիվներ են սակագնի մեջ իրենց արտացոլումը գտել, ես Ձեզ պաշտոնապես ասում եմ` նման բան չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս