ՓՉԱՑԱԾ ՍՆՈՒՆԴ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի արտադրած ձվերը կարող են մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի սեպտեմբերի 15-ի վերոհիշյալ խմբաքանակի ձու: Ստուգումների արդյունքում նաեւ պարզվել է, որ «Թամարա եւ Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Վիտանի» սփրեդը, ինչպես նաեւ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին:
ՓԱԿԵԼՈՒ ԵՆ
Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ղեկավարությունը փակել է հայտնի «Прожекторперисхилтон» հաղորդումն ու աշխատանքի իրավունքից զրկել հաղորդավարներից 2-ին՝ Գարիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Սվետլյակովին: Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ Մարտիրոսյանն ու Սվետլյակովը զրկվել են աշխատելու հնարավորությունից «Գազարդ մեդիա հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկեւիչի պահանջով: Ըստ նրա` Սենկեւիչը շոումեններին արգելել է Հանրայինում հաղորդում վարել այն բանից հետո, երբ Մարտիրոսյանն ու Սվետլյակովը նոր պայմանագիր են ստորագրել «ՏՆՏ» հեռուստաալիքի հետ: Իսկ հաղորդավարներին փոխարինելու մասին Էռնստն ասել է. ««Բիթլզ»-ի կազմը փոփոխման ենթակա չէ»:
ԷԼԻ ՀԱՅ ԶՈՀ
Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով կրկին հայ է զոհվել: Ինչպես «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը, սպանվածը Վարդան Մութաֆյանն է: Նա բնակվում էր Դեր Զորում:
ԱՎԵԼԻ՛Ն ՏՎԵՔ
ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կարծիքով` Հայաստանում մի շարք դրական փոփոխություններ են արձանագրվել, ինչի գնահատականն է, մասնավորապես, Հայաստանին լրացուցիչ 15 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրամիության որոշումը: Այդ գումարը, ըստ Ֆյուլեի, տրամադրվում է «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում ու եվրոպական հարեւանության քաղաքականության համատեքստում:
ՆՈՐԻՑ ԴԱՏ
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել էր 2-6 տարվա ազատազրկման: ՀԱԿ ակտիվիստները վաղը պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ՝ պահանջելով արդարացնել ընդդիմադիրներին ու նրանց չազատազրկել:
ԱՐՋԱՈՐՍԸ
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման համար խորհրդարան էր եկել Գյումրու դեռեւս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը եկել է Աբրահամյանին անձամբ հրավիրելու Գյումրու օրվան նվիրված տոնակատարություններին: Պատասխանելով հետախուզման մեջ գտնվող իր որդու մասին հարցին՝ նա ասել է, թե տեղյակ չէ նրանից, բայց գիտի, որ Սպարտակը կվերադառնա: Իսկ թե ուր է գնացել, Ղուկասյանն ասել է. «Արջ բռնելու»: Նա նաեւ ասել է, թե իր լիազորությունների ավարտից հետո պատրաստվում է զբաղվել բիզնեսով, եւ որ ամբողջ կյանքում միշտ այդ գործով է զբաղվել: «Նայե՛ք իմ կենսագրականը, ես երբեք կուսակցություն չեմ փոխել: Ես իմ բնավորությամբ կուսակցական չեմ, ավելի հոգեւոր եմ, քան թե կուսակցական: Ես կուսակցությունից կուսակցություն ո՛չ թռնող եմ… ես միշտ թռցնող եմ՝ թռնող չեմ»,-հնարավոր կուսակցափոխության մասին ասել է նա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, նա Աբրահամյանի մոտ է եկել՝ իր ապագայի հետ կապված որոշ հարցեր ճշտելու նպատակով, քանի որ Սերժ Սարգսյանին հանդիպելու փորձերն անցել են ապարդյուն, ու քաղաքապետը որոշել է ԱԺ նախագահի միջոցով ճշտել իր ապագան: