Պուտինը Հայաստան գալու համար կարող է պահանջել ԵՄ հետ հարաբերությունների խզում. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան գալ-չգալու հարցն է: Արդեն հայտնի է, որ ապրիլի 24-ին Թուրքիայում է լինելու ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Ռուս քաղաքական փորձագետ Վիտալի Չերնիկովն Armlur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Նարիշկինի՝ Թուրքիա այցը միայն դիվանագիտական քայլ է: Քաղաքագական փորձագետը չբացառեց նաև, որ Պուտինը կարող է չգալ Հայաստան:

– Պարո´ն Չերնիկով, ապրիլի 24-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Նույն օրը Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակն է նշվելու: Սակայն դեռ վերջնական հայտնի չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ օրը կլինի Հայաստանում, թե` ոչ: Դուք ճի՞շտ եք համարում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն ապրիլի 24-ին այդպիսի բարձր մակարդակով ներկակացված կլինի Թուրքիայում:

– Եթե Պուտինը չի գնում Թուրքիա, նշանակում է, որ Սերգեյ Նարիշկինի այցն ուղղակի դիվանագիտական քայլ է: Սերգեյ Նարիշկինը չի որոշում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար, նրա ներկայությունը Թուրքիայում տեղի ունենալիք միջոցառումներին կրում է արձանագրային բնույթ, և, ամենայն հավանականությամբ, կապված է Թուրքիայի տարածքով անցնող գազամուղի կառուցման ծրագրերի հետ: Թուրքերը չեն կարող պահանջել պետության առաջին դեմքի ներկայություն` իրենց կողմից արհեստականորեն հաստատված միջոցառմանը: Նարիշկինի ներկա գտնվելը նրանք բավարար ուշադրություն կհամարեն Ռուսաստանի կողմից:

– Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները երբեք չեն նշվել ապրիլի 24-ին: Այս կերպ Թուրքիան ցանկանում էր շեղե՞լ ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցից:

– Ինձ համար լիովին ակնհայտ է, որ դա պետական տոն է` հորինված Հայոց ցեղասպանության փաստի ուշադրությունը նվազեցնելու համար: Թուրքիան երբեք չի ճանաչի ցեղասպանությունը: Եվ դա առաջին խոչընդոտն է ԵՄ մտնելու համար: Ես վստահ եմ, որ թուրքական որևէ նոր տոնակատարություն չի կարող նվազեցնել հայերի ողբերգության նշանակությունը:

– Հայաստանը և Ռուսաստանը դարավոր բարեկամներ և ռազմավարական դաշնակիցներ են: Այս առումով Ռուսաստանն անհանգստացա՞ծ չէ, որ Պուտինի չգալու պարագայում հայ-ռուսական հարաբերությունները կարող են վտանգվել:

– Ռուսաստանի և Հայաստանի միջև ընկերությունը մեկ անգամ չէ, որ ռիսկի է ենթարկվել: Օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի  միջև առկա կոնֆլիկտի կոնտեքստում: Մինչ այժմ Ռուսաստանը հստակ չի ձևակերպել իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Վախենո՞ւմ է Ռուսաստանը կորցնել  Հայաստանին` որպես ընկեր Կովկասում:  Եթե հետևենք տեղեկատուներին, ապա Ռուսաստանում մեծ թվով հայեր են ապրում: Նրանց թվում կան բազմաթիվ հայտնի և հաջողակ բիզնեսմեններ, ովքեր Ռուսաստանում աշխատանքով են ապահովում իրենց հայրենակիցներին: Օրինակ` Կալուգայում իր կարիերան է սկսել բիզնեսմեն Սամվել Կարապետյանը: Այդ պատճառով շատ ռուս քաղաքական գործիչներ կարծում են, որ Ռուսաստանը չպետք է վախենա կորցնել Հայաստանին որպես ընկեր, այլ` հակառակը: Հասկանալի է, որ պաշտոնապես այդ մասին ձեզ ոչ ոք չի ասի: Հիշե´ք Վրաստանի իրավիճակը. վրացիները նույնպես եղբայրական ազգ էին համարվում, սակայն դա չխանգարեց նրանց հետ հարաբերությունների փչացմանը: Այնպես որ, ոչ ոք չի վախենում, և դա մտահոգիչ է: Ընկերությունը չեն հաշվարկում փողերով կամ քաղաքական օգուտներով, մանավանդ, թուրքերը ոչ մի պարագայում մեր ընկերները չեն դառնա: Դա ապացուցում է բազմադարյա պատմությունը:

–  Սակայն մինչ այժմ դեռ հստակ չէ` Պուտինն ապրիլի 24-ին կգա Հայաստան, թե` ոչ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդ հարցի պատասխանը գաղտնի պահվում և, ի վերջո` կգա, թե` ոչ:

– Եկե´ք նայենք ուժերի դասավորվածությունը: Վերջին կես տարում Հայաստանը Եվրոպական միությանը մոտենալու քայլեր է արել: Այդ նույն ժամանակ, Ռուսաստանը և ԵՄ-ն  կոնֆլիկտային իրավիճակում են գտնվում: Թուրքիան, հակառակը, Եվրոպայի և ԱՄՆ-ի  հետ  հարաբերությունները վատթարացնելու ռիսկին գնաց և համաձայնություն տվեց երկրի տարածքով գազամուղի անցկացմանը: Հայաստանում մոտ 3 մլն մարդ է ապրում, Թուրքիայում` 80 մլն: Հայաստանը գործնականում ոչ մի կերպ չի ազդում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա, իսկ Թուրքիան լուրջ քաղաքական ֆիգուր է: Այս պարագայում մեծ է հավանականությունը, որ Պուտինը ընտրի գազային ծրագիրը և չգա Հայաստան` պատճառաբանելով, թե հիվանդ է: Սակայն ամեն ինչ կարող է կախված լինել նաև մի քանի հանգամանքից, օրինակ, կարող է պահանջել, որ Հայաստանը լիովին հրաժարվի ԵՄ հետ որևէ պայմանագիր ստորագրելուց և խզի հարաբերությունները:

Այսինքն` դուք կարծում եք, որ Ռուսաստանում անհանգստացա՞ծ են Հայաստան-ԵՄ հարաբերությունների պատճառով և կարող են Հայաստանին ընտրության առջև կանգնեցնե՞լ:

– Արդեն կանգնեցնում են: Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի դիվանագետների  կողմից  թեժ երկխոսություններ են ընթանում: Ենթադրում եմ, որ մեր կողմը ճնշումների  է դիմում և դրա մեջ անբնական ոչինչ չկա: Քաղաքականության մեջ ցանկացած մասնակից հնարավորություն է փնտրում դիմացինին իր սցենարը պարտադրելու համար: Հայաստանի և Ռուսաստանի միջև այժմյան հարաբերությունների պարագայում այդ ճնշման հնարավորությունն առկա է: Այլ հարց է, որ Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի ցանկանում փոխհատուցել` ԵՄ ասոցացումից հրաժարվելու համար: Բայց հաշվի առեք, որ ԵՄ-ն էլ չի «վառվում» Հայաստանին օգնելու մեծ ցանկությամբ: Եթե մտածենք, ԵՄ-ի ինչի՞ն է պետք Հայաստանը:

– Ռուսաստանի համար ի՞նչ դերակատարում և նշանակություն ունի Թուրքիան:

– Այժմ Թուրքիան միակ հնարավորությունն է` շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները և սկսել Թուրքիայի միոջոցով Եվրոպա գազ մատակարարել: Մեծ մասամբ, սա հնարավորություն է նաև եվրոպական շատ երկրների համար, ովքեր կկարողանան գազ ձեռք բերել հարմար պայմաններով և առանց սանկցիաների ռեժիմի խախտման: Թուրքիային երկար տարիներ չի հաջողվում դառնալ Եվրոպական միության անդամ, իսկ այս կերպ 80 մլն ժողովրդի համար կբացվի ճանապարհ դեպի եվրոպական մի քանի երկիր:  Այնպես որ, պաշտոնական Ռուսաստանի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություներ կան:

 – Իսկ, եթե ժամանակը գա` ընտրություն կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև, Ռուսաստանն ո՞ւմ կտա նախապատվությունը:

– Այս դեպքում ճիշտ կլինի հարցը դիտարկել ռուսական ներկայիս իշխանությունների գործելաոճի առումով: Ներկայումս նավթագազային եկամուտները ռուսական իշխանությունների համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան հարևան երկրների հետ դարավոր և ընկերական հարաբերությունները:  Տնտեսական հետաքրքրությունները գերակշիռ են բոլոր դեպքերում:

Մեր ղեկավարները խոսքերի մակարդակով կշարունակեն խոսել  ՀՀ-ՌԴ մշակութային, պատմական և հոգևոր կապերի առկայության մասին , իսկ տնտեսական ծրագրեր կիրագործեն Թուրքիայի հետ: Սակայն այս պարագայում ընտրությունը հստակ չի երևա: Թուրքիա կգնան գազից ստացված գումարները, Հայաստան` համագործակցության և հավերժ ընկերության մասին խոստումները:  Ամեն ինչ կարող է փոխվել, եթե Կովկասը կրկին դառնա Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական նպատակը: Դա կլինի Իրանի և իր գործընկերների կողմից ռեալ սպառնալիքների դեպքում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս