Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին՝ կոչ անելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը. փոխանցում է Грузия online-ը:
Խորհրդարանականը հայտարարել է, որ կատարվածի ճանաչումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի կանխվեն ապագայում նման հանցագործությունները:
«Հարցը կարևոր է պատմական առումով: Մենք, անկախ նրանից, ծագումով հայ ենք, թե` այլ ազգի ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացիներ ենք։ Մենք մեկ երկրի զավակներ ենք ու պետք է ապրենք խաղաղությամբ ու միասնականությամբ: Այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որպեսզի պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Հուսով եմ, որ հայերն ու թուրքերն ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար: Հենց այս պատճառով էլ կարևոր է պատմության համարժեք գնահատականը: Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մինչ օրս էլ մեծ վերք է հայ ժողովրդի համար»,- ասել է Պետրոսյանը:
Վերջինս կոչ է արել բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ դեռևս չի ճանաչվել այդ փաստը, ընդունել իրողությունը՝ ապագայում նման հանցագործությունները կանխելու համար: