Երեկ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում միաձայն ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» մասին նախագիծ: Խորհրդարանի պատվիրակները միաձայն կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը բառի բուն իմաստով հիստերիա է առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում: Թուրքիայի ԱԳՆ-ն հապշտապ արձագանքեց այդ բանաձևին` Եվրոպային սպառնալով և կոչ անելով եվրախորհրդականներին մինչ 1915թ. իրադարձություններին անդրադառնալը առերեսվել սեփական պատմությանը, հիշել իրենց պետությունների կողմից Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին արված հանցագործությունները:
Այս պարագայում Ադրբեջանին անհանգստացրել է բանաձևի 4-րդ կետը, որում ասվում է, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանն առանց որևէ նախապայմանի, այսինքն` Անկարային ստիպում են չշահարկել ԼՂ հակամարտությունը ՀՀ հետ սահմանը բացելու հարցում:
Armlur.am-ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը չբացառեց, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կլինի, և Թուրքիան, սպառելով դիվանագիտական միջոցները, միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին պատասխանելու է ադրբեջանական դիվերսիաներով:
«Նախ պետք է փաստել, որ վերջին շրջանում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման շուրջ տեղի ունեցող ողջ գործընթացը լուրջ անհանգստություն է առաջացնում Թուրքիայում: Սա պայմանավորված է նրանով, որ այս գործընթացը լուրջ թափ է հավաքում: Թուրքական դիվանագիտական ապարատի ջանքերը, հակաքայլերը արդյունք չեն ապահովում: Թուրքիան այս առումով հայտնվել է մի տեսակ մեկուսացված, փակուղային իրավիճակում: Հակաքայլերի հետ կապված, իհարկե չպետք է բացառել, որ Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքներում Թուրքիան կրկին կունենա որոշակի դերակատարություն: Դա պարզ է, և կան հանգամանքեր ու փաստեր, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի գործողությունները սահմանի երկայնքով որոշակիորեն կարող են ուղղորդված լինել Թուրքիայի կողմից` ուղղակիորեն և անուղղակիորեն:
Անուղղակիորեն Ադրբեջանը` որպես Թուրքիայի բարեկամ, կփորձի նման սադրանքներով իր հավատարմություւնը և այս իրավիճակում պաշտպանությունը ցույց տալ: Իսկ ուղղակիորեն` Ադրբեջանի ուժային համակարգում գործում են թուրք հրահանգիչներ, և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են Թուրքիայի կողմից: Շատ դեպքերում նրանք են պատրաստում հատուկ նշանակության գործողությունները»,- մանրամասնեց Լևոն Հովսեփյանը: Վերջինիս խոսքով` բավականին բարդ գործընթացներ են գնում, և պետք է մեզ համար սահմանի լարվածությունն անսպասելի չլինի:
Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի հետ կապված հնչող սպառնալիքների մասին թուրքագետը նշեց` Թուրքիայի հոխորտանքներն աշխատում են ի վնաս իրենց: «Թուրքիայի սպառնալիքները, օրինակ` Հռոմի պապի ուղղությամբ, էլ ավելի բացասական ազդեցություն թողեցին միջազգային հանրության մոտ: Այդ սպառնալիքներն արդեն լուրջ չեն ընկալվում և Թուրքիայի համար ավելի բացասական ազդեցություն են ունենում»,- ընդգծեց Լ. Հովսեփյանը:
Թուրքագետի գնահատականով` Թուրքիայի կատարած քայլերը միջազգային հանրության համար այլևս ընկալելի չեն, այդ իսկ պատճառով Թուրքիան այլ հնարավորություն չունի, քան շարունակել իր ժխտողական քաղաքականությունը:
Լուսանկարը` Armenpress-ի:
Քրիստինա Աղալարյան