ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԴԱՏԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել նվազագույն աշխատավարձի շեմը հասցնել 35 հազար դրամի: Համաժողովրդական ցնծությունը, իհարկե, ուշանում է, դեռեւս ծափեր չեն հնչում… Ու պատճառներից մեկն այն է, որ հայաստանցիներից շատերը տխրությամբ հաշվարկում են, որ իրենց առնվազն 200 տարի է պետք, որպեսզի նվազագույնից հասնեն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանի աշխատավարձին: Այս մարդն ամսական ստանում է 1 մլն 300 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն՝ նրա մեկ ամսվա աշխատավարձը 100 հազար դրամով գերազանցում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամի մեկ տարվա ողջ աշխատավարձը: Ուրեմն կարելի է ասել, որ այս պաշտոնյան մեր երկրի համար 10 ակադեմիկոս արժե…
Բոլոր նրանք, ովքեր առնչվել են Մաթեւոսյանի գլխավորած դատարանին ու նրա կայացրած վճիռներին, կարող են ասել, որ Մաթեւոսյանը ստեղծել է մի դատարան, որը արդարադատության ծաղրն է` ուղղակի եւ պատկերավոր իմաստներով… 1953-ին Թբիլիսիում ծնված այս  պաշտոնյան իր ծառայողական գործունեությունը սկսել է Հյուսիսկովկասյան նավթային բազայից, ուր աշխատանքի է անցել ՀՕ պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո: Մեկ տարի ծառայել է բանակում, հետո եկել Հայաստան ու 1977թ. մինչ 1981թ. իրավախորհրդատու աշխատել Էջմիածնի բնակչության սպասարկման վարչությունում: Այդ պաշտոնը խորհրդային  տարիներին համարվում էր գրեթե մոռացվածներից մեկը, քանի որ այն ստանում էին նրանք, ովքեր որեւէ հեռանկար չունեին: Բայց հավանաբար ինչ-որ մեկը բարեխոս է եղել Մաթեւոսյանի համար, քանի որ 1981-1985թթ. նա արդարադատության նախարարության կադրերի բաժնի ավագ խորհրդատու է դարձել։ 1986թ.-ին էլ ավարտել է Սովետական օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։
1985թ. մինչեւ 1991թ. աշխատել է ԱՆ դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում որպես պետի տեղակալ: 1991-ից, երբ արդեն երկրում նոր իրավիճակ էր ստեղծվել, երբեք դատական մարմիններում չաշխատած Անատոլի Մաթեւոսյանն անսպասելիորեն նշանակվում է ՀՀ գերագույն դատարանի անդամ: Ասում ենք՝ անսպասելիորեն, որովհետեւ ընդունված կարգ էր, որպեսզի ԳԴ անդամը լիներ փորձված ու ճանաչված դատավոր, նիստեր վարած լիներ, տեղյակ լիներ դատավարական պրակտիկային: Բայց… Ասում են, որ նրան այս հարցում օգնել էր ԳԴ նախագահ կարգված Տարիել Բարսեղյանը: Մինչեւ 1998թ. ԳԴ անդամի պաշտոնը զբաղեցնելուց հետո Մաթեւոսյանը 1999թ. մինչեւ 2001թ. ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր է եղել: Այն օրերի տրամաբանությամբ՝ սա պաշտոնի իջեցում էր, նաեւ ապացույցն էր այն բանի, որ Մաթեւոսյանն իրեն չէր արդարացրել Գերագույն դատարանում, ուր համակողմանի գիտելիքներ էին հարկավոր, մինչդեռ Մաթեւոսյանը շարունակում էր մնալ որպես սովետական իրավունքի մասնագետ…
2005թ. դարձյալ շատերի համար անսպասելի նրան դարձրին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Անսպասելին այն էր, որ շարքային դատավորը դառնում էր նախարարի տեղակալ: Փոխնախարարի պաշտոնից հետո էլ՝ 2008թ. մինչ 2009թ.,   Մաթեւոսյանը Հարավային քաղաքացիական դատարանի նախագահն էր: Ապա՝ մի նոր «առեղծվածային» նշանակում. այս անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ Խոստովանենք, որ այսպես միշտ չի լինում. փոխնախարարի ու դատարանի նախագահի պաշտոնից հետո շարքային դատավոր չեն նշանակվում, իսկ նշանակվելուց հետո էլ առավել բարձր պաշտոն չեն ստանում: Եթե նախագահի պաշտոնից հետո հայտնվում են շարքային դատավորի կարգավիճակում, նշանակում է՝ ինչ-որ բան վատ են արել: Բայց 2009թ. ապրիլի 8-ի Սերժ Սարգսյանի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ… Նրան այս պաշտոնում առաջադրել է Արդարադատության խորհուրդը, այսինքն՝ հենց Ս. Սարգսյանը, իսկ թե ով էր նրան խորհուրդ տվել «հենվել» Ա. Մաթեւոսյանի վրա, պարզվեց, որ այս մարդուն մոլեռանդորեն հովանավորում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ա. Մաթեւոսյանի ներկայությունը բարձր ատյանում ձեռնտու է նաեւ մյուս դատավորներին, որովհետեւ նա ջանադրաբար պաշտպանում է իր դատավորների ապօրինությունները եւ հովանավորում նրանց: Հիշենք թեկուզ Նախշուն Տավարացյանի ապօրինի գործողություններից մեկը՝ կապված Կարինե Գասպարյանի, Հրաչյա Հարությունյանի եւ Կարինե Էկսարջյանի գործի հետ: «Ակնհայտ անօրինական եւ ապօրինի որոշում է կայացվել: Նախկին ամուսինն առաջին ատյանի դատարանում վճիռ կայացնելուց առաջ իր հողն ու խանութը վաճառել էր քեռու կնոջը: 4 տարի տեւած դատաքննության ընթացքում մենք ապացուցել ենք, որ նրա արարքն ապօրինի է, եւ Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ անվավեր էր ճանաչել այդ գործարքը: Սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ պայմաններում վավեր է ճանաչում պայմանագրերը»,-գրել է փաստաբանը: Տավարացյանը հրապարակել է գոյություն չունեցող վճիռ, իսկ Մաթեւոսյանն էլ հաստատել է…
Ի դեպ, Մաթեւոսյանի կենսագրության մեջ մի «հերոսական» էջ էլ կա. 2002թ. նա լսում էր «Նոյյան տապան»-ի բողոքն ընդդեմ ՀՌԱՀ-ի: Նիստն ուղիղ ժամը 11-ին սկսելով եւ դահլիճում չտեսնելով ՆՏ-ի ներկայացուցիչներին՝ նա շտապել էր մերժել հայցը, բայց 15 րոպե անց եկել էին ՆՏ-ի ներկայացուցիչները՝ իրենց հետ դատարան բերելով Եվրախորհրդի ներկայացուցիչներին: Հենց այս հանգամանքն էլ ստիպել էր Մաթեւոսյանին փոքր-ինչ արդարացի վճիռ կայացնել: Բայց սա եզակի դեպք է…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս