ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ռուսական եւ հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն՝ մինչեւ տարվա վերջ ավելանալու է 102-րդ ռուսական ռազմաբազայում պայմանագրային զինծառայողների թիվը: Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության ղեկավար Իգոր Գորբուլը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայում պայմանագրային զինծառայողների թիվը կրկնապատկվելու է:
Այս քայլով ՌԴ-ն տարածաշրջանում իր խաթարված դիրքերը պահպանելու եւ հզորացնելու նպատակ է հետապնդում, քանի որ ՆԱՏՕ-ն ընդլայնում է իր աշխարհագրական սահմանները՝ ձգտելով իր կազմի մեջ ընդգրկել ՌԴ-ին սահմանակից պետությունները:
Նշենք, որ ռազմաբազայի առկայությունը ձեռնտու է նաեւ Հայաստանին, սակայն որոշ քաղաքական գործիչներ ՀՀ-ում դեմ են դրան՝ պնդելով, որ այդ հանգամանքը հարվածում է մեր ինքնիշխանությանը: Սակայն դա բխում է նաեւ Հայաստանի շահերից, քանի որ մեկուսացման մեջ գտնվելով՝ մեր երկիրը դուրս է մնացել տարածաշրջանում տեղի ունեցող կարեւոր գործընթացներից: Վրաստանի եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ կառուցվելու է Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, իսկ այդ ամենը մեր տնտեսության զարգացմանը չի նպաստում: Բացի այդ, մենք չլուծված խնդիրներ ունենք մեր հարեւանների հետ, ինչպես, օրինակ, Արցախյան հարցը, ուստի ոչ միայն երկարաձգվեց ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը, այլեւ ՌԴ-ն ստանձնեց ՀՀ անվտանգության երաշխավորի դերը:
Ռազմակայանի առկայությունը ՀՀ-ում ունի ռազմական, տնտեսական, քաղաքական նշանակություն: Ռազմական նշանակությունն այն է, որ կողմերը (ՀՀ-ն ու ՌԴ-ն) համատեղ զինված ուժերով ապահովելու են ՀՀ սահմանների պաշտպանությունը, ՀՀ անվտանգությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր հարձակումներից: Տնտեսականն այն է, որ պաշտպանելով ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանը, ի դեմս Հայաստանի, ձեռք է բերում փոքր, բայց կայուն տնտեսական շուկա՝ համագործակցելով վերջինիս հետ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, ռազմական արդյունաբերության եւ այլ ոլորտներում՝ համարելով ՀՀ-ն պատերազմական ռիսկերից հեռու երկիր: Քաղաքականը՝ որ  կանխվում է արեւմուտքի ռազմական մեքենայի ներթափանցումը Հայաստան:
Բայց, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք տնտեսապես հզոր երկիր ունենալու համար, քանի որ միայն այդ ճանապարհով կարող ենք սեփական ուժերով մեր պետության անվտանգությունն ապահովել:

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ




Լրահոս