Գյումրու տնակային Ավտոկայան թաղամասում արդեն մեկ տարի է` վնասված ջրագծի պատճառով ջուրը հոսում է ամբողջ թաղամասով՝ լցվելով մարդկանց բակերն ու տնակների տակ: Դեռ անցած տարի Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն նոր ջրագծեր է անցկացրել թաղամասում եւ այդ ընթացքում մի քանի տեղից վնասել գործող ջրագիծը: Բացի այն, որ թաղամասն անընդհատ ողողված է ցեխաջրերով, տնակներից մեկին կից գոյացած ջրափոսում օր օրի բազմանում են գորտերը, ինչն էլ կրկնակի անհանգստություն է պատճառում թաղամասի բնակիչներին:
«Ջրափոսի մեջ սաղ շերեփուկներ են, հետո գորտ կդառնան ու կլցվեն մեր տները: Ժամը 6-ից հետո դռներս փակում ենք, որ չլցվեն ներս»,-դժգոհում են թաղամասի բնակիչները:
Դեռ նախորդ տարի նրանք դիմել են «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ, որտեղից նրանց ասել են, որ անհրաժեշտ է ջրագծի վնասված հատվածում գտնվող տնակը քանդել, որ պարզ լինի, թե կոնկրետ որ հատվածից է ջրի արտահոսքը:
«Ասում են, որ էս տնակը պետք է քանդեն, բայց հո մարդը չի՞ քանդի իրա տնակն ու ասի՝ արե՛ք, ջրագիծը սարքե՛ք: Հետո էլ էդ նույն մարդն ինչո՞վ նորից սարքի իրա տնակը»,-ասում է թաղամասի բնակիչ տիկին Անահիտը:
Թաղի բնակիչների վստահեցմամբ` ջրագծի վնասված հատվածին կից գտնվող տնակի տերը տարիներ առաջ բնակարան է ստացել ու դուրս եկել այնտեղից: Տնակի սեփականատերը՝ տիկին Գոհարը, Ավտոկայան թաղամասում ունի շինանյութի խանութ, սակայն բնակարան ստանալուց հետո տնակը չի քանդել, ավելին, հիմա այն տվել է վարձակալության: Նա պնդում է, որ տնակը քանդելուն կհամաձայնի միայն այն դեպքում, եթե իրեն տուն տան. «Մե սենյակմ թող էրեխուս տան՝ ելնիմ: 15 տարի էրեխի հետ ըդտեղ մնացել եմ: Հերթացուցակում չկամ, չեն էլ հերթագրել, չիդեմ՝ ինչ բդի էղնի»:
Տնակը քանդելու վտանգի առաջ է կանգնած նաեւ թաղամասի մեկ այլ բնակիչ՝ 4 անչափահաս երեխաների մայր տիկին Մարգարիտան, ում տնակի տակից հոսող ջուրը եւս հետեւանք է «Ջրմուղ»-ի «թեթեւ ձեռքի»: «Ջրի պատճառով տունս խոնավ է, էրեխես հիվանդություններ է ձեռք բերել: Ինձ ասել են, որ ջրագիծը սարքելու համար պետք է տնակը քանդվի, բայց թե դրանից հետո ով է սարքելու, չգիտեմ: Համենայնդեպս, «Ջրմուղ»-ը չի խոստանում սարքել»,-ասում է տիկին Մարգարիտան:
Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական գծով տնօրեն Արշալույս Ավդալյանը մեզ հետ զրույցի սկզբում ասաց, որ նման վթարներ կան քաղաքի տարբեր մասերում, ու եթե իրենց մոտ այդ վթարները գրանցված լինեն, չեն կարող երկար այդպես մնալ: Իսկ վերը նշված դեպքն իրենց մոտ գրանցված չէ:
«Ձեր զանգից հետո տեղեկացել ենք ու ամբողջ տարածքն արդեն ուսումնասիրել: Բոլոր տեսակի վթարները գրանցել ենք, քանի որ դիմացը ձմեռ է, հասցնենք վթարները վերացնել»,-ավելացրեց Ա. Ավդալյանը:
Իսկ բնակիչների այն պնդումները, թե այդ իրավիճակն արդեն մեկ տարի է` շարունակվում է, Ա. Ավդալյանը հերքեց՝ ասելով. «Հնարավոր է, որ տնակներ են ապամոնտաժել եւ անզգուշությամբ վնասել ջրատար խողովակը»:
Գյումրի