
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ժամկետում հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին որակական նոր մակարդակի բարձրացվեցին, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը:
Նախագահը հաջողություններ է մաղթել Դիեգո Ռիվերային հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-արգենտինյան բարեկամության:
Դեսպան Դիեգո Ռիվերան շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար, նշելով, որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում փորձել է առավելագույնս օգտակար լինել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ավելի սերտացմանն ու ամրապնդմանը և այսուհետ ևս Հայաստանից դուրս էլ շարունակելու է մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Արգենտինայի դեսպանը երկուստեք գոհունակությամբ են խոսել արգենտինահայ համայնքի մասին, նշելով, որ բավականին կազմակերպված և ուժեղ համայնքն զգալիորեն նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև միջպետական կապերի ամրապնդմանը: