Ապացուցեցիք, որ քաղաքական շահը չի կարող վեր լինել ճշմարտությունից. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու կապակցությամբ։

«Եվրոպական խորհրդարանի հարգարժան պատգամավորներ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին, բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը և կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին։

Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից, և որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։

Հարգարժա՛ն գործընկերներ, այս բանաձևի ընդունմամբ դուք կրկին անգամ վերահաստատեցիք ձեր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու համամարդկային արժեքներին և հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որևէ ժամանակում չի կարող և չպետք է լինի սակարկման առարկա։

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և հատկապես Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքին, որի անդամ է «Բարգավաճ Հայաստանը»։ Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի 11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձևին։ Մեր խորին շնորհակալությունը Եվրոպական խորհրդարանին»։




Լրահոս