ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցի մասին և նշեց, թե չի հասկանում ստեղծված աժիոտաժը նրա այցի շուրջ։
«Ինձ համար անհասկանալի է աժիոտաժը հասարակության տարբեր խավերի կողմից, հանդուրժողականության պակասը մեր հասարակության մեջ։ Մենք ամեն ինչ այնքան սուր ենք ընդունում, որ կարելի է ավելի հանգիստ տանել: Այս այցելությունը Հայաստան, հատկապես` Ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, կարծում եմ, նաև լրացուցիչ լիցք հաղորդեց խնդրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու տեսանկյունից»,-նշեց նախարարը։
Լրագրողի այն հարցին, թե համակարծի՞ք է, որ Հայաստանի համար Քարդաշյանը մի քանի օրում արեց ավելին, քան իշխանությունները մի քանի տարում, Հովհաննես Մանուկյանը նշեց. «Թո´ւյլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ։ Այնուամենայնիվ, եկե´ք եկող շաբաթը ապրենք, տեսնենք՝ Հայաստան ժամանող հյուրերին, հետո դատողություններ անենք»։