Վրացի պատգամավորները համակարծիք էին. Ջավախահայ պատգամավորը` խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին՝ կոչ անելով ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նաև հայտնի է, որ հայ պատգամավորի հայտարարությունից հետո բանավեճ է սկսվել:

Armlur.am-ը զրուցեց պատգամավորի հետ` պարզելու վրացիների արձագանքն ու հնարավոր հետևանքները:

– Պարո´ն Պետրոսյան, Վրաստանի խորհրդարանում ձեր հայտարարությունից հետո ի՞նչ արձագանքներ են ստացվել:

– Նիստից հետո ես խոսեցի բոլոր վրացի պատգամավորների հետ: Բոլորն էլ ընդունեցին, որ ես ճիշտ եմ արել, քանի որ այդ ոճրագործությունը 100 տարի առաջ եղել է: Նրանք ասացին, թե ճիշտ եմ արել, որ այդ հարցը բարձրացրել եմ և կոչ եմ արել բոլոր դեմոկրատական պետություններին, ովքեր չեն ճանաչել Ցեղասպանությունը, պիտի ճանաչել և դատապարտել: Ես կոչ եմ արել, սպասենք, տեսնենք` ինչ է լինելու:

– Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ մինչ այժմ Վրաստանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող որևէ փաստաթուղթ չի ընդունել:

– Այո, այսօրվա դրությամբ իրենք  ոչ մի փաստաթուղթ չունեն: Վերջին մեկ տարվա ընթացքում ես այդ հայտարարությունը երկու անգամ արել եմ, գրավոր եմ ներկայացրել մեր խորհրդարանին: Պաշտոնապես փաստաթուղթ ընդունված չէ, սակայն պատգամավորները` որպես մարդ, լիովին ինձ հետ համաձայն են, որ ցեղասպանություն եղել է: Սակայն ելնելով իրենց ռազմավարական շահերից, որ Թուրքիայի հետ իրենք մոտ հարաբերությունների մեջ են, չեն կարող պաշտոնական փաստաթուղթ ընդունել: Բայց ես վստահ եմ` կգա ժամանակ, որ Վրաստանը կընդունի Ցեղասպանությունը, քանի որ մթնոլորտն այն ձևի է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր մեջ ընդունում է Ցեղասպանության լինելը:

– Հայոց ցեղասպանության դատապարտման տեսանկյունից կարևոր իրադարձություն էին Վատիկանում մատուցված պատարագն ու Հռոմի պապի հայտարարությունները: Այս տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում:

– Քանի որ այսօրվա դրությամբ Հռոմի պապը վարում է մեծ հեղինակություն ամբողջ և´ քաղաքական, և´ եկեղեցական դաշտի մեջ, չեն կարող չհիմնվել նրա հայտարարության վրա: Նրա հայտարարությունը հիմք կընդունեն նաև պետությունների ղեկավարները, ովքեր մինչև այսօր չեն ընդունել ու չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Հավելենք, որ ջավախահայ պատգամավորի հայտարարություններից հետո իրենց տեսակետներն արտահայտեցին  վրացի և ադրբեջանցի պատգամավորները: Օրինակ` «Վրացական երազանք» դաշինքի անդամ Մահիր Դարձին  նշել էր. «Վրաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումը միանշանակ վատթարացնելու է հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի հետ»:

Ելույթ էր ունեցել նաև մեծամասնական կարգով ընտրված ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը:  Նա հայտարարել է. «Ինչո՞ւ մենք չենք խոսում 1918 թվականի մարտին հայ դաշնակների և Կարմիր բանակի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Ինչո՞ւ ենք անտեսում 1992 թվականին Ադրբեջանում, Ղարաբաղում, Խոջալու քաղաքում տեղի ունեցած դեպքերը»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս