ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ում կողմից եւ ինչ սկզբունքով են իրականացվում բազմաբնակարանային շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունները, եւ ով կարող է լինել պատվիրատու:

Վարդգես Մարտիրոսյան (56 տարեկան, տեխնիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005թ. մարտի 21-ի N 46Ա հրամանով հաստատված ու գործածության մեջ դրված «Բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ»-ի համաձայն:
Ըստ մեթոդական ցուցումների՝ շենքերի ծրագրային հետազննություններն իրականացվում են ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ՝ վնասվածքների եւ վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես եւ կառույցի առանձին տարրերի եւ ընդհանուր կրողունակության ու կոշտության հուսալիության գնահատման նպատակով: Շենքերի արտածրագրային հետազննություններն իրականացվում են շենքի ֆունկցիոնալ նշանակության, շահագործման պայմանների փոփոխության կամ կոնստրուկցիաներում վնասվածքների առաջացման դեպքում: Հետազննություններն իրականացվում են բնագավառի մասնագիտացված գիտահետազոտական, նախագծահետազննական կազմակերպությունների կողմից, պատվիրատուի (մարզպետարան, քաղաքապետարան, համայնք, համատիրություն, կազմակերպություն, բնակիչ) լիազորված ներկայացուցչի մասնակցությամբ: Տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա տրված վնասվածության գնահատականը հաստատում է կատարող կազմակերպությունը, որի կողմից եզրակացության պատճենը պարտադիր տրամադրվում է «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ին՝ ստեղծված համակարգչային բանկում ներառելու համար: Քաղաքաշինության նախարարությանը շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների համար ՀՀ պետբյուջեից գումարներ հատկացվում են միայն կոնկրետ ծրագրերի շրջանակներում, մնացած բոլոր դեպքերում հետազննությունները պատվիրատուի կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չգիտենք՝ որքանով է արդարացված 10 տարի ընդմիջումով շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը, բայց ողջունելի է, որ բնակիչը նույնպես կարող է դա պահանջել:




Լրահոս