Վարդան Օսկանյանի եւ “Սիվիլիթասի” գործին վերաբերվող նյութերը բաժանվելու են ԵԽԽՎ պատգամավորներին: Այդ մասին ասվում է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ:
“Բազմաթիվ լրագրողների կողմից այսօր ինձ տրված մեր հետագա քայլերի եւ ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, եւ հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետեւյալը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ “երբեւէ որեւէ քայլ չի արվելու, որը կարող է ազդել մեր երկրի վարկի ու հեղինակության վրա, մեր ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսումե: Սակայն տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին մեր կողմից բաժանված Օսկանյանի եւ “Սիվիլիթասի” գործին վերաբերվող նյութերը բաժանվելու են նաեւ ԵԽԽՎ պատգամավորներին բացառապես իրավական հարթության մեջ հարցը դիտարկելու նպատակով:
Հիշեցնում եմ, որ ԲՀԿ քաղխորհուրդը արդեն որակել է Օսկանյանի դեմ հարուցված գործն ու ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությունը որպես բացարձակապես անհիմն”,- ասվում է հայտարարության մեջ: