«Ժողովուրդ»-ը դեռեւս ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր թեկնածուն է ունենալու, որը լինելու է ԱԺ-ում նրա օգնական, մասնագիտությամբ իրավաբան Վահագն Գեւորգյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է Վահագն Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գևորգյան, չնայած, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, սակայն արդեն կան մարդիկ, որոնք հայտարարել են իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք եւս պատրաստվում եք Ձեր թեկնածությունն առաջադրել, այդպե՞ս է:
-Այո՛, ես հաստատում եմ, որ Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրելու եմ իմ թեկնածությունը:
-Արդյո՞ք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու է Ձեր թեկնածությունը:
-Ուրեմն ասեմ այսպես, քանի որ պարոն Ծառուկյանը մտահոգ է Աբովյան քաղաքի խնդիրներով, պարոն Ծառուկյանը Աբովյանից ընտրված պատգամավոր է ու Աբովյանի պատվավոր քաղաքացի, նա ուղղակի հավանություն է տվել իմ թեկնածությանը:
-Այսինքն՝ Ձեր առաջադրման հարցը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկե՞լ եք:
-Իհարկե, ես զրուցել եմ պարոն Ծառուկյանի հետ ու ես իրեն ասել եմ, որ ցանկություն ունեմ, ուզում եմ առաջադրվել, պարոն Ծառուկյանը միայն հավանություն է տվել:
-Տեղեկություններ կան, որ իշխանությունները եւս հավանություն են տվել, որ Գագիկ Ծառուկյանի «թեկնածուն» առաջադրվի ու հաղթի, արդյո՞ք Ձեր թեկնածությունն արժանացել է նաեւ Սերժ Սարգսյանի «հավանությանը»:
-Ես պարոն նախագահին չեմ հանդիպել ու նման ասեկոսեներին ես չեմ կարող պատասխանել:
-Իսկ Ձեր հաղթանակը որքանո՞վ եք հավանական համարում:
-Մենք ունենք լավ թիմ, արդեն հանդիպել ենք, ու ազգաբնակչությունն էլ արդեն հավանություն է տվել, մենք էլ պատրաստվում ենք քաղաքակիրթ ընտրությունների: Մենք ընտրությունները կառուցելու ենք այսպես՝ ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն լավ նպատակի, հանուն մեր քաղաքի:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ աբովյանցիների ընտրած թեկնածուն Դուք ե՞ք:
-Այդ ամբողջը ցույց կտա քարոզարշավը, երբ որ պաշտոնապես տրվի մեկնարկը, այդ ժամանակ էլ կտեսնենք:
-Իսկ ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում: Արդեն հայտնի է, որ առաջադրվելու է նաեւ «Կինգ Դե Լյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Դուք նրան մրցակից համարո՞ւմ եք:
-Աբովյանում թեկնածուների անուններ ասում են, որոնք մեկ տասնյակից ավել են, բայց երբ կլինեն առաջադրումները, այդ ժամանակ էլ կտեսնենք, ամեն ինչ այդ ժամանակ պարզ կլինի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ