ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու իրավասությունը վերապահել ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի վարչակազմին:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նախագծով առաջարկվել է վերանայել որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ-ով հարկման համակարգը, ինչն աննպատակահարմար է համարել գործադիրը և հանգամանորեն հիմնավորել իր եզրակացությունը: Պատգամավորի առաջարկն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է առաջնային ապրաքների հարցը ուշադրության կենտրոնում պահել, քանի որ դրա շնորհիվ կարող է նաև սոցիալական խնդիր լուծվել: Այս փուլում, սակայն, առաջարկված դրույթներն ընդունելի չեն:
Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: