«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 13-ին ՀՀ արդարադատության խորհրդի նիստում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների հիման վրա երեք դատավոր նախազգուշացում է ստացել:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Գուրգեն Գագիկյանին եւ Սուրեն Բաղդասարյանին, ինչպես նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը: Եւ դռնփակ նիստում նրանց հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել 3 դատավորներին նկատողություն հայտարարել: Նշված հանձնաժողովի կողմից արված նույնաբովանդակ միջնորդության քննարկման արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդում քննարկվել է նաեւ ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Արազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ որոշելով կարճել այն ու բավարարվել միայն հարցի քննարկմամբ:
Ինչո՞ւ են դատավորները հայտնվել ԱԽ-ի թիրախում, ի՞նչ օրինախախտ գործունեություն են ծավալել նրանք: Այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նախազգուշացում ստացած դատավորների հետ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր
Գուրգեն Գագիկյան
-Պարո՛ն Գագիկյան, ինչո՞ւ հայտնվեցիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ի՞նչ սխալ էիք թույլ տվել:
-Բանկային գաղտնիքի հարց էր, օրենքն ասում է՝ մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ կարող եք կիրառել, սակայն դուք կիրառել եք հարակից մարդու նկատմամբ: Օրինակ՝ նախաքննության մարմինը դիմում է դատարան՝ խնդրելով թույլ տալ այս մարդու կողմից լոմբարդում կամ բանկում դրված գրավն առգրավվի եւ զննվի:
-Հիմա Ձեր թերությունը ո՞րն է եղել:
-Դե, հիմա դատարանը թույլ է տալիս դա իրականացնել, սակայն տվյալ մարդը կա՛մ պետք է կասկածյալ լինի, կա՛մ մեղադրյալ, իսկ մենք տվել ենք հարակից անձի:
-Դուք չգիտեի՞ք, որ սխալ եք անում:
-Գիտեմ, ուշադրության հարց է:
-Սա առաջի՞ն կարգապահական պատասխանատվություն էր:
-Այո:
-Ի՞նչ փոխեց նախազգուշացումը Ձեզ մոտ:
-Դե, զգոնացնում է, բայց դատավորը պարտավոր է միշտ էլ զգոն լինել:
-Արդարադատության խորհրդի որոշումը ճի՞շտ էր, թե կարծում եք՝ ուղղորդված բան կար:
-Այո՛, այո՛, խորհուրդը ճիշտ է եղել:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյան
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ սխալ էիք թույլ տվել, որ նախազգուշացում ստացաք:
-Իմ դիրքորոշումն արտահայտել եմ, կլինի, կտեսնեք:
-Ձեզանից ենք ցանկանում իմանալ:
-Նիստի եմ, չեմ կարող պատասխանել:
-Կիսո՞ւմ եք խորհրդի որոշումը:
-Չեմ կարող պատասխանել, շտապում եմ:
Չնայած դատավորը չցանկացավ խոսել իր նախազգուշացման պատճառի մասին, սակայն պարզեցինք, որ վերջինս եւս իր նախազգուշացումը ստացել է բանկային գաղտնիքի հարցի շուրջ ստեղծված խնդրի առիթով:
Ինչեւէ, Լոռու մարզի դատավորների շուրջ ստեղծված պատմությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր նախագահած դատարանի դատավորները մշտապես հայտնվում են աղմկալի պատմության մեջ: Նախ՝ Խաչատուր Խաչատրյանին կալանավորեցին 20 հազար դոլար կաշառքի համար, Աղասի Մկոյանը նախօրեին կարգապահական պատասխանատվության ենթարկվեց, իսկ հիմա էլ դատավորներ Գուրգեն Գագիկյանն ու Սուրեն Բաղդասարյանն են նախազգուշացում ստացել: Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք որպես դատարանի նախագահ՝ չեք կարողանում համակարգել դատավորների աշխատանքը:
-Դուք երեւի չեք պատկերացնում դատարանի նախագահի եւ դատավորների փոխհարաբերությունները, ուսումնասիրեք օրենսգիրքը նրանց եւ իմ գործունեության մասով, Ձեր հարցերի պատասխանը կստանաք, այլ բան չեմ կարող ասել, շատ զբաղված եմ: (Այս խոսքերից հետո Բաղդասարյանն անջատեց հեռախոսը-Ք.Մ):
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, Ձեր մեղքը ո՞րն էր, որ նախազգուշացում ստացաք:
-Իմ առաջին նախազգուշացումն է, բայց տպավորություններիս մասին թույլ տվեք չարտահայտվեմ, լա՞վ:
-Ինչո՞ւ, դժգոհ եք ԱԽ որոշումից:
– Չեմ ուզում խոսել:
-Ի վերջո, ի՞նչ խնդիր էր, ինչի՞ համար նախազգուշացում ստացաք:
– Ոչ, չեմ ուզում խոսել:
-Ձեր մյուս գործընկերները, որոնք եւս պատասխանատվության ենթարկվեցին, նշեցին, թե ուշադիր չլինելու արդյունքն էր, որ հայտնվեցին արդարադատության խորհրդում: Դուք է՞լ ուշադիր չեք եղել:
-Ես միշտ եմ սթափ, հարգելի՛ս, դա Ձեր կարծիքն է: Այլ բան չեմ կարող ասել:
Քնար Մանուկյան