
Գյումրի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` “Զույգ աղբյուր” կոչվող տարածքում տեղակայված տնակային ավանի հարևանությամբ կատարվող անհատական բնակարանային շինարարության պատճառով տնակները մշտապես պատված են փոշու ծածկույթով: Այս մասին տեղեկացնում են “Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպությունից:
Սակայն ՀԿ-ի ներկայացուցիչներին այս անգամ առավելապես մտահոգել է տնակային ավանն իր առանձնահատուկ բնակիչներով. վագոն-տնակներում բնակվող ընտանիքներում հիմնականում բացակայում են տղամարդիկ, ինչը, կարծես թե, կրում է համատարած բնույթ:
“Առանց վարանելու կարելի նշել, որ Գյումրիի բոլոր տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին”,- տեղեկացնում են “Շիրակ կենտրոն”-ից:
“Շիրակ կենտրոն”-ի ներկայացուցիչներն օրերս այցելել են հիշյալ ավան և պատրաստել տեսանյութ: Այն՝ իր երեք աղջիկների հետ խարխուլ տնակում, առանց բնակարան ստանալու հույսի, սոցիալական անմխիթար պայմաններում բնակվող միայնակ մոր` Արաքսի Մխիթարյանի ընտանիքի մասին է:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև.