«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին մասնակցել ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին եւ երթին:
Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ցավոք սրտի, խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ եւ դրանով խարխլում են հանցավոր իշխանության հիմքերը։ Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների եւ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով: Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ եւս 5-ով: Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը»:
«Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի եւ ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին եւ երթին»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ պարզելու համար՝ արդյոք պատրաստվո՞ւմ են ներկա գտնվել հանրահավաք-երթին:
-Պարո՛ն Պետրոսյան, Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին ազատ արձակելու պահանջով առաջիկա հանրահավաքին մասնակցելո՞ւ եք:
-Մենք հարցը քննարկել ենք վարչության նիստի ժամանակ ու նշել ենք, որ ճիշտ է` քաղաքական ակցիաներին դեմ ենք եղել մինչեւ ապրիլի 24-ը, բայց քանի որ խոսքը գնում է ոչ միայն ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին կամ «Հիմանդիր խորհրդարանին», այլեւ ընդհանրապես բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, մենք հանուն դրա լինելու ենք այդտեղ: Մենք իշխանություններին կոչ ենք անելու, որ 100-ամյակն առանց քաղբանտարկյալների լինի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ