ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրատապ խորհրդատվություն էր հրավիրել: Պատճառը, ըստ նրա, հաշմանդամության ոլորտում տիրող խայտառակ վիճակն էր:
“Երեկ ինձ զեկուցվել է հաշմանդամության ոլորտում տիրող վիճակի մասին: Ուսումնասիորւթյուն է կատարվել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության աստիճան, արդյունքում մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի”,- հայտարարեց նա։
ՀՀ վարչապետը Կառավարության վերահսկողության ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին խնդրեց առավել մանրամասն ներկայացնել նրանց անցկացրած բժշկասոցիալական փորձագիտական մոնիտորինգ և պարզվել, որ այստեղ կոռուպցիան ռիսկերը համատարած են:
“Կոռուպցիոն ռիսկերը հավասարապես են թե՛ բուժհաստատություններում, թե՛ Բժշկասոցիալական փորձագիտական գործակալությունում: Բուժհաստատություններում 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5–20 հազար դրամ, իսկ Բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովում 15-ից 30 հազ. դրամ”,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
“Իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքում 100-ից 150.000 դրամ, ինչը սակայն մասսայական բնույթ չի կրում: Երրորդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով”,- ավելացրեց նա:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ըստ հարցումների մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել, պահանջվող գումարները չվճարելու համար:
Ըստ նրա, հաշմանդամության կարգի որոշման տրամադրման համար հիմնական գործոն է համարվում կենսագործունեության սահմանափակման աստիճանի գնահատումը, այսինքն, երբ սենյակների պայամններում հանձնաժողովները, նայելով դիմումատումներին, նրանց հասակին, գիրությանը, շարժուձևին և ընդհանրապես տեսքին, որոշում են անձի կենսագործունեության աշխատելու ունակության չափը և որոշում հաշմանդամության տրամադրման չափը:
“Խնդիրն այս դեպում այն է, որ հանձնաժողովներին նման որոշում կայացնելու հնարավորությունը տրված է օրենսդրական նորմով: Նման օրենսդրական կարգավորմամբ կոռուպցիոն ռիսկերը կհասցվեն նվազագույնի”,- ասաց նա:
Վարչապետը հարցրեց, թե քանի քաղաքացի է տարեկան առնչվում նման խնդրի հետ: Պարզվեց 65-70 հազ մարդ տարեկան առնչվում կոռուպցիոն ռիսկերի հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին ասաց, որ նման իրավիճակի համար պատասխանատու է նախարարությունը՝ ի դեմս իրեն, և գործակալության ղեկավարը, ընդհուպ մինչև շարքային աշխատողը:
“Մենք առարկայական քայլեր կձեռնարկենք, որպեսզի օր առաջ համակարգային լուծումներ գտնենք: Ներկայացված խնդիրների հետ կապված իրականացնելու ենք ծառայողական քննություն, իսկ բժշկասոցիալական որոշումների հետ կապված հասարակական վերահսկողության խնդիր եմ տեսնում”,- ասաց նա:
Նախարարն առաջարկեց ստեղծել նախարարին կից խումբ, որի միջոցով նախարարությունը հսկողություն կիրականացնի:
“Պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, այսինքն՝ եթե պարզվի սխալ որոշում է կայացվել հանձնաժողովի կողմից, կգանձվի նրանից գումար և կվերադարձվի բյուջե, իսկ որոնք իրավապահ մարմինների քննության ենթակա են կուղարկենք համապատասխան մարմինների քննությանը”,- ասաց նա:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ սկսվել է լայնածավալ աշխատանքներ կոռուպցիայի դեմ պայքարելու, և առաջին հերթին այն ոլորտներն են ընդգրկված, որտեղ պետությունը ծառայություն է մատուցում քաղաքացիներին:
“Որովհետև հասարակությունը շփվում է պետության հետ այդ ձևով: Կան բացառություններ, բայց դա օրինաչափություն չի, օրինաչափություն կլինի, եթե քաղաքացին դրա մասին չխոսեր: Բա այդքան մարդ մեր մասին ի՞նչ պատկերացում է կազմելու կամ ձեր նախարարության”,- հարցրեց վարչապետը:
Նա հրահանգեց նախարարին հենց այսօրվանից կադրային փոփոխություն իրականացնել, քանի որ այս մասին չեն ահազանգել:
“Ինչի՞ չեք ահազանգում, դա ինձ զայրացնում է: Ես պահանջում են անհապաղ կադրային փոփոխություններ: Եթե չի ահազանգել, անհապաղ աշխատանքից հեռացվի”,-եզրափակեց վարչապետը:
tert .am