Ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումը և նրա երգիծանկարների ցուցահանդեսը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է հայոց պատմության հոլովույթում իր հետքը թողած մի գործչի: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նման ազատվելով թուրքական ջարդերից՝ Գ.Սվազլյանը գաղթել է նախ Հունաստան, այնուհետև հաստատվել Եգիպտոսում: Մեծ հայրենադարձության տարիներին տեղափոխվել է Հայրենիք և եղել Հայաստանի օգնության կոմիտեի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը»:
ՀՀ սփյուռքի նախարարը հատկապես բարձր գնահատեց Գ.Սվազլյանի գրական-ստեղծագործական գործունեությունը. «Ներգաղթ» թատերախաղը մեծ լիցքեր է հաղորդել մեր հայրենակիցներին՝ նպաստելով, որ նրանք էլ սիրեն Հայաստանը և վերադառնան Հայրենիք: Ցավոք, մեր հայրենակիցներից շատերը, տեղափոխվելով Հայրենիք՝ մեծ զրկանքներ կրեցին, նույնիսկ աքսորվեցին հեռավոր Սիբիր: Եվ նույնիսկ այդպիսի պայմաններում, 1947թ. ընտանիքով ներգաղթելով Խորհրդային Հայաստան և ապրելով դժվարին պայմաններում՝ Գ.Սվազլյանը շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը», – ընդգծեց գերատեսչության ղեկավարը:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց նաև, որ Սվազլյանի աշխատանքը բարձր է գնահատել մեծն Ավետիք Իսահակյանը, և աշխարհահռչակ գրողի երաշխավորությամբ Գառնիկ Սվազլյանն ընտրվել է Հայաստանի Գրողների միության անդամ:
ՀՀ սփյուռքի նախարարն շեշտեց. «Եթե Գառնիկ Սվազլյանը միայն ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի նման տաղանդավոր գիտնական դուստր էլ նվիրեր մեր հայրենիքին, արդեն բավական կլիներ նրան մեծարելու համար: Սվազլյանները գենետիկորեն օժտված ընտանիք են, վկան՝ Գառնիկ Սվազլյանի թոռնուհին՝ Քնարիկ Ավագյանը, ով այսօր ուսումնասիրում է հայկական Սփյուռքի պատմությունը, և այդ ուսումնասիրությունները օգտակար են դառնում նաև ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության համար», – եզրափակեց իր խոսքը ՀՀ սփյուռքի նախարարը:
Այնուհետև ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Գ.Սվազլյանի համառոտ կենսագրականը:
«Գառնիկ Սվազլյանը հայրենադարձության՝ ազգահավաքի և հայրենաշինության գաղափարախոս» զեկույցով հանդես եկավ գրողի թոռնուհին՝ սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իր պապին նվիրված հուշ-երեկոն կազմակերպելու համար:
Բանախոսը նշեց. «Գ.Սվազլյանը Խորհրդային Հայաստանը դիտարկում էր որպես Ամենայն հայոց պետություն: Նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր ուժ տալ Հայրենիքին: «Հայուն համար Հայաստանեն դուրս չի՛ք փրկություն» կարգախոսով էր առաջնորդվում Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) եգիպտահայ մասնաճյուղը, որի հիմնադիրն է եղել նա: 1943թ. հիմնել և ղեկավարել է «Սևան» մշակութային միությունը, որը գործնականորեն նախապատրաստում էր եգիպտահայերին՝ վերադառնալու Հայաստան»:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ներկայացնելով Գառնիկ Սվազլյանի գծանկարներն ու երգիծանկարները, նշեց. «Երգիծանկարչությունը հզոր զենք է, և այդ զենքը Գ.Սվազլյանը կարողացել է օգտագործել իր հայրենանվեր գաղափարախոսությունը հանդիսատեսին հասցնելու գործում: Գառնիկ Սվազլյանը չէր ուզում դուր գալ, այլ ցանկություն ուներ ասել կարևորը»:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը խոսեց Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգության գաղափարական արժեքի և արդիականության մասին: Նա նշեց, որ հեղինակը, տարբեր գեղագիտական հնարքներ օգտագործելով, հայ հանդիսատեսին հորդորել և կոչ է արել վերադառնալ Հայրենիք: «Եվ այդ կոչին հավանություն տալով 200-300 հազար սփյուռքահայ վերադարձավ Հայաստան», – նշեց նա:
Հոր մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Վերժինե Սվազլյանը՝ մասնակիցներին պատմելով, թե ինչպես է Գ.Սվազլյանը 1922թ., մի կերպ մազապուրծ լինելովճողոպրելով Զմյուռնիայի աղետից, օթևան գտել հեռավոր Եգիպտոսում:
Անդրադառնալով թատերգությանը՝ Վ.Սվազլյանը նախևառաջ կարևորեց ստեղծագործության գաղափարախոսական արժեքը: Նա նշեց. «Գրքի սկզբում հայրս գրել է. «…Երբ նյութապես ի վիճակի չեմ Ներգաղթին սատարելու» այս գործս կտրամադրեմ անոր ի նպաստ»: Եվ, իրոք, զանգվածային հայրենադարձության նախօրեին այն բեմադրվել է հայաշատ տարբեր գաղթօջախներում՝ ոգևորության ալիք բարձրացնելով, իսկ հասույթը հատկացվել է Հայաստանում բնակարանների, գործարանների շինությանն ու Ներգաղթի ֆոնդին»:
Մեծ գիտնականը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նշելով. «Շնորհակալ եմ, որ տասնամյակների հեռավորությունից տեսնելով հորս՝ ցանկացաք ըստ արժանվույն գնահատել նրա գործն ու վաստակը »:
Ցուցադրվեցին հատվածներ Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգությունից:
Մեծ հայրենասերին իր հարգանքի տուրքը մատուցեց Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը՝ կատարելով «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» և «Էրզրում» երգերը:
Այնուհետև «Հայաստան, երկիր դրախտավայր» երգի կատարմամբ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սիրիահայ շրջանավարտ Արաքս Մահտեսյանը: