Վարչապետի հրահանգով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության պետ Միշա Վանյանն այսօր ազատվեց աշխատանքից։
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ էր գնացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ այնտեղ նշել, որ այս ոլորտում համատարած կոռուպցիա է։
Արդեն լրագրողների հետ զրույցում Միշա Վանյանն ասաց. “Ինձ համար անակնակալ էր վերահսկողության պետի հայտարարությունը, թե դա համատարած բնույթ է կրում: Կոռուպցիոն ռիսկեր կան, իհարկե, բայց դրանք կան մեր երկրի ցանկացած ոլորտում, այսինքն՝ ասել, որ նման վիճակը մեզ մոտ համատարած բնույթ է կրում, դա ինձ համար անակնկալ էր, մե~ծ անակնկալ”:
Նա նշեց նաև, որ իրենք մշտապես ստացել են ահազանգեր և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել. “Երբևէ համատարած բնույթ չի կրել, մեղավորներ եղել են, ովքեր պատժվել են՝ ինչպես բոլոր ոլորտներում”:
Վերջինիս խոսքով՝ ինքը ոչ մի քայլ չի ձեռնարկի իր անմեղությունն ապացուցելու համար. “Եթե վարչապետը կարծում է, որ կոռուպցիայի խնդիրը լուծվում է այսպես, ապա ես պատրաստ եմ, ոչ մի քայլ չեմ անի”,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը այս ոլորտում կատարած ուսումնասիրություններով “հանկարծ” պարզել է, որ հաշմանդամների կարգը որոշելու չափորոշիչների ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են պարունակում. հանրապետության 65 հազար քաղաքացի տարեկան գումար է տալիս հաշմադամության կարգ ստանալու համար: