«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին մասնակցել ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին եւ երթին:
Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ցավոք սրտի, խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ եւ դրանով խարխլում են հանցավոր իշխանության հիմքերը։ Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների եւ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով: Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ եւս 5-ով: Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը»:«Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի եւ ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին եւ երթին»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանի` Մխիկի հետ պարզելու համար՝ արդյոք պատրաստվում են ներկա գտնվել հանրահավաք-երթին ու, ընդհանրապես, ինչպես են վերաբերվում ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների կալանավորմանը:
-Պարո՛ն Մխիթարյան, ինչպես եք վերաբերվում ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա թիմակիցների կալանավորման փաստին: Դուք եւս պատերազմի դաշտ եք գնացել ու գիտեք, թե դա ինչ է նշանակում, ըստ Ձեզ` որքանո՞վ է ճիշտ ազատամարտիկին կալանավորել իր քաղաքական հայացքների համար:
-Ես չեմ ցանկանում որեւէ բան խոսել, ես ուղղակի չէի ցանկանա, որպեսզի մինչեւ ապրիլի 24-ը որեւէ միջոցառում, որեւէ հանրահավաք, երթ տեղի ունենար: Մենք այս օրերին հազարավոր հյուրեր ենք ունենալու, տարբեր երկրներից մարդիկ Հայաստան են գալու՝ իրենց ցավակցությունը հայտնելու տեղի ունեցածի հետ կապված, ու կարծում եմ, որ նման միջոցառումներ այժմ պետք չէ անել: Ես չեմ ընդունում նման բաներ, մինչեւ ապրիլի 24-ը ճիշտ չի լինի: Այսքանը, ես որեւէ այլ բան չեմ ցանկանում ասել: