ՀՀ պետական բյուջեի միջոցների վատման հերթական դեպքը. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2010թ «Դարի շունչ» ՀՁ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների գործակալության ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է պայմանագիր որոշ քոլեջների հիմնանորոգման մասով, սակայն առանց գործ անելու բավականին մեծ թվով գումարներ են վատնվել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին նշված ընկերության եւ ՊՈԱԿ-ի միջեւ պայմանագիր է կնքվել՝ համաձայն «Դարի շունչը» պետք է հիմնանորոգումներ կատարեր ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի որոշ քոլեջներում: Եւ այդ աշխատանքն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից ՍՊԸ-ին տրամադրվել է 496 միլիոն 969 հազար 212, 36 ՀՀ դրամ:
Թվում էր, թե գումարը ստանալուց հետո «Դարի շունչ» ՍՊԸ-ն պետք է սկսեր շինարարական աշխատանքները, բայց ոչ: Շինարարությունն իրականացվել է այն ժամանակ, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է ստուգել կատարված աշխատանքները ու աղմկալի բացահայտումներ է արել:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, որը նախկին վարչապետ, իսկ ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սանիկն է, հանձնարարել է նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում իրականացնել 2011-2013թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Ստուգումներն իրականացվել են պատահականության սկզբունքով: Այսինքն՝ ընտրվել են պատահական բուհեր, եւ ստուգվել է՝ արդյո՞ք պետբյուջեից հատկացված գումարները ծառայել են իրենց նպատակին, եւ բուհերի շենքերն արդեն վերանորոգված են:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ «Դարի շունչ» ՀՁ ՍՊ ընկերությունը փաստաթղթերում ցույց է տվել, թե իրականացրել է ավելի քան 34 միլիոն դրամի շինարարական աշխատանք թվով 5 քոլեջներում, սակայն իրականում փաստաթղթերում ներկայացված վերանորոգման որեւէ աշխատանք փաստացի չի իրականացվել: Ասել է թե՝ 34 մլն դրամը գրպանել են: Բացի այդ՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը շուրջ 2 միլիոն 500 հազար դրամի անորակ աշխատանքներ է կատարել, ինչ համար քոլեջներում խնդիրներ են առաջացել:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից պարզել, թե կոնկրետ որ քոլեջներում պետք է իրականացվեին շինարարական աշխատանքները, եւ ովքե՞ր են տուժել «Դարի շունչ» ՍՊԸ-ի աշխատանքներից: Նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանեցին. ««Դարի շունչ» ՀՁ ՍՊԸ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գործակալության ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ հիմնանորոգումներ են կատարվել «Երեւանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջ», «Երեւանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջ», «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ», «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ», «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» եւ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ներում:
Եվ այսպես, ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց քոլեջների տնօրենների հետ: Երեւանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը ցավով նշեց, որ իրականացված շինարարական աշխատանքներում իրենք եղել են ընդամենը դիտորդի կարգավիճակում. «Որքանով տեղյակ եմ՝ Եվրոմիության աջակցության ծրագիր է եղել պետական բյուջեին, որ նշված քոլեջներում հիմնանորոգումներ պետք է լինեն: Մենք այս գործընթացում դերակատարություն չենք ունեցել, նույնիսկ ընդունման-հանձմանը չենք կարողացել միջամտել, եղել ենք ընդամենը դիտորդ: «Դարի շունչ» ՍՊԸ-ն է իսկապես կատարել այս աշխատանքը, եւ կարող եմ ասել, որ ոչ ամբողջությամբ, բայց վատ կատարված աշխատանքներ եղել են, որոնք էլ այս պահի դրությամբ բավականին նկատելի են»:
Ըստ տնօրենի` քննիչներն այցելել են քոլեջ եւ նկատել քոլեջի հատակի անմխիթար վիճակը. «Կարող եմ ասել, որ վերահսկիչ պալատն էլ է իր հերթին ստուգումներ իրականացրել, սակայն այլ մանրամասների չենք տիրապետում, բայց որ բոլոր ստուգումների արդյունքում արձանագրել են քոլեջի հատակի վատ վիճակը, փաստ է»:
Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանը պատմեց, որ 2014թ դեկտեմբերի իրավապահների մի խումբ ստուգումներ է իրականացրել քոլեջում. «Ես 2012թ եմ նշանակվել տնօրենի պաշտոնին, սակայն խնդրի մասին տեղյակ եմ: Քոլեջի շինաշխատանքներում թերություններ կան, օրինակ՝ հատակի ներկերը շուտ թափվել են, լսարաններում պատերը ճաքել են: Քննչական հանձնաժողովն արդեն երկրոդ անգամ է եկել քոլեջ, ստուգել եւ գնացել է, իսկ ես՝ որպես տնօրեն, ցույց եմ տվել, թե ինչ խնդիրներ կան, այլ բան չգիտեմ»:
Շիրակի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Էմմա Պետրոսյան էլ նշեց, որ նոր վերանորոգված քոլեջի տանիքից անձրեւային եղանակին ջուր է կաթում:
Իսկ ինչ է մտածում իրականացված անորակ աշխատանքի մասին հենց «Դարի շունչ ՀՁ» ՍՊԸ-ն: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ընկերության տնօրենի հետ: Բայց պարզվում է՝ ընկերությունն իր անունը փոխել, ավելի «ժամանակակից» է դարձրել՝ «Էյչ բի Քնսթրաքշն» ՍՊԸ: Բայց նույնիսկ «ժամանակակից» տեխնոլոգիաների գործադրմամբ մեզ չհաջողվեց գտնել ընկերության տնօրինությանը:
Նշենք, որ այս գործը ներկայումս գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունում: Նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Վերանորոգման անվան տակ գրպանված փողերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում:
Այս իրավիճակում տարօրինակ պահվածք են դրսեւորել ոչ միայն գումարը տված ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, որոնք միլիոններին հետեւողական չեն եղել, այլեւ բուհերի տնօրենները, որոնք դիտորդի կարգավիճակում են եղել ու երբեւէ չեն բարձրաձայնել, երբ տեսել են, թե ինչ «փինաչիություն» են անում նորոգող վարպետները: Այնպես որ, հանցակազմն այստեղ ավելի ակնհայտ է ու ընդգրկուն, քան կարելի է պատկերացնել: Ի վերջո, խոսքը մոտ կես մլրդ դրամի մասին է:
Քնար Մանուկյան