«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվան մնացել է ընդամենը մեկ շաբաթ, սակայն պաշտոնական Մոսկվան դեռ չի շտապում հայտարարել՝ ի վերջո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կժամանի՞ Երեւան, թե՞ ոչ: Հասկանալի է, որ այդ այցը Հայաստանի համար առավել քան կարեւոր է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ապրիլի 24-ին մեկնելու է Թուրքիա` Գալիպոլի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Մոսկվան իր հայ գործընկերներին արդեն մի քանի օր է՝ ակնարկում է, որ Վլադիմիր Պուտինը միայն մեկ պատճառով կարող է չգալ, եթե վատառողջ լինի: Այսինքն՝ միայն Պուտինի առողջական խնդիրների պաշտոնական պատճառաբանությամբ կարող է Երեւան կատարելիք այցը չեղյալ հայտարարվել: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ նախագահը երեկ մի քանի ժամ շարունակ լրագրողների եւ ռուսաստանցիների հարցերին էր պատասխանում, կարող ենք հուսալ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է, եւ գոնե մի քանի ժամով կկարողանա այցելել Հայաստան:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի խոսնակը մի անգամ արդեն ասել էր, որ Պուտինը 24-ին Երեւանում կլինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: