«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ-ում, բացի նախկին վարչապետների ակումբից, գործում է նաեւ վետերան դատախազների միություն, որոնք այսօր գրողների միությունում պատրաստվում են նախագահ ընտրել: Երեկ aravot.am-ը տեղեկություններ էր տարածել, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազության շենքի նիստերի դահլիճը չի տրամադրել վետերան դատախազներին ընտրություն անցկացնելու համար: Ըստ այդմ, նախկին դատախազները վրդովված լինելով Գ. Կոստանյանից՝ դիմել են մի շարք վայրեր, որպեսզի նրանց դահլիճ հատկացնեն: Եւ, ահա, Հայաստանի գրողների միությունն է օգնել՝ դահլիճ տրամադրելով:
Ինչ գործունեություն է իրականացնում վետերան դատախազների միությունը, այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանից: Նրա տեղեկացմամբ, դատախազների վետերանների միությունը գործում է բավականին երկար ժամանակ, սակայն այդ ընտրությանը մասնակցում են այն դատախազները, որոնք թոշակի են անցել. «Նրանք, ովքեր թոշակառու չեն, չեն կարող մասնակցել այդ ընտրությանը: Նշեմ, որ միությունը ակտիվ աշխատանքներ չի իրականացրել, համենայնդեպս, ես չեմ նկատել, սակայն մեր ավագների խորհուրդները մենք միշտ լսել ենք, օգտագործել, իրենք մեր միջոցառումներին մշտապես ներկա են եղել: Նույնիսկ տարվա արդյունքների ամփոփման ժամանակ նրանց ձայն ենք տվել, եւ նրանց մեջ կան շատերը, որ մեր համակարգին պատիվ բերող անձինք են եղել»: Անդրադառնալով դատախազների վետերանների միության վրդովմունքին, որ Գեւորգ Կոստանյանը դահլիճ չի տրամադրել նրանց, Արամ Թամազյանը պատասխանեց, թե չի կարող նման բան պատահել, քանի որ երիտասարդ սերունդը բարոյական չափորոշիչները կպահպանի:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, թե ինչո՞ւ վետերան դատախազներին դահլիճ չեն տրամադրել, մեզ հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» կազմակերպությունը դահլիճ տրամադրելու հարցով ՀՀ դատախազություն չի դիմել, վերոնշյալ կազմակերպությունից հասցեագրված միակ գրությունը եղել է հետեւյալը՝ «Հարգարժա՛ն Գեւորգ Սուրենի, 2015թ. ապրիլի 3-ին կայանալու է ՀՀ «Դատախազության համակարգի վետերաններ» իրավապաշտպան ՀԿ-ի հաշվետու վերընտրական ժողովը, ցանկալի է Ձեր, ինչպես նաեւ դատախազության աշխատակիցների մասնակցությունը: Ժողովը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում»:
Քնար Մանուկյան