Գալուստ Սահակյանը չի հավատում, որ հայտարարությունը իրականում արել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: “Ես իհարկե կարող էի մեկնաբանել այդ հայտարարությունը, բայց այդ հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությունը փոխեր”,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Սա պարզապես հայտարարություն է, որը նման է ոչ երկրորդ նախագահի լեքսիկոնին, ոչ էլ նման է իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորության մոտիվացիային”,- կարծիք է հայտնել ՀՀԿ-ական գործիչը:
Ի՞նչ պետք է ասեր այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը, որ հավատայիք, ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. “Ես կարծում եմ, որ մեր մոտ արդեն նախադեպեր են եղել, սցենարներ են հյուսվում, որ նախկին նախագահները որոշակի ժամանակ լռում են, և ինչ որ մի բան ասում են, բայց հավաստի չեն”:
Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը ծիծաղեցրել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին: Հարցին, թե ով է հայտարարության տեքստի հեղինակը, Սողոմոնյանը նախ զարմացել է, հետո լսելով Գալուստ Սահակյանի կասկածների մասին՝ հավելել, որ ինքը ոչինչ չի կարող ասել և ուրեմն թող Գալուստ Սահակյանը պատասխանի, թե ով կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարության հեղինակը: