Ո՞ւմ է ձեռնտու Բերքաբեր գյուղում կեղծ ահազանգ տարածելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչներն անհանգստացած են: Բնակիչներին անորոշության են մատնել տարածված այն լուրերը, թե գյուղում հայտնվել են զինված մարդիկ: Իմանալու համար` ինչ է իրականում կատարվել Բերքաբերում և ինչ է պարզել գյուղապետի և իրավապահների անցկացրած քննությունը, Armlur.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հետ, ով նշեց, որ իրենք էլ դեռևս հստակ չգիտեն` ինչ է տեղի ունեցել:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ մինչ այս պահը դեռևս հայտնի չէ` կատարվածը կեղծ ահազանգ էր, ինչ-որ մեկի չար կատակը, թե իրականություն. «Հնարավոր է` ցանկացել են գողություն անել, բայց չի ստացվել: Ոչինչ չենք կարող ասել այս պահին: Բայց հիմա նա, ով նման հայտարարություններ էր արել, այլևս չի կրկնում իր ասածները: Ճիշտ է` սկզբում անընդհատ հավաստիացնում էր, որ տեսել 1 կասկածելի արտաքինով անհայտ անձանց»:

Արթուր Մադաթյանը Armlur.am-ի հարցին` հնարավո՞ր է լուրերը չար կատակ են եղել, և ում կարող էր դա անհրաժեշտ լինել, պատասխանեց. «Չեմ կարող ասել: Հնարավոր է և ինչ-որ մեկի սուտն է տարածվել: Ես հիմա չեմ կարող կասկածների վրա հիմնվել: Եթե իմանայի` ով է, կաշին կքերթեի: Հնարավոր է և մեր գյուղացիներից չէ հայտարարողը»,- նշեց Արթուր Մադաթյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համայնքապետը Armlur.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիների` գյուղում հայտնվելու տարբերակը բացառվում է, քանի որ գյուղ մտնել հնարավոր չէ: Իսկ այդ ժամանակ տարածված լուրերի համաձայն` ապրիլի 1-ի գիշերը գյուղում կարճ կոթով 2 ավտոմատավորներ են հայտնվել, նրանք իբր քար են նետել բերքաբերցի մի երիտասարդի վրա, թունավորել են իրենց հետևից գնացող գյուղի մի շան և այլն:

Մնում է սպասել` ինչ կպարզի գյուղապետի և իրավապահների կատարած քննությունը:




Լրահոս