«ՀԿԵ»-ն մասնակցում է Caucasus Tourism Fair – 2015 միջազգային տուրիստական ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է ապրիլի 16-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2015 17-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը բացել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Մարմանիան, բնապահպանության նախարար Էրգուջա Խոկրիշվիլին և տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեն:

Ցուցահանդեսին, որն այս տարի նվիրված է ներգնա և արտագնա զբոսաշրջության զարգացմանը, հանգստավայրերի վերականգնմանը, նոր տուրիստական ուղղությունների նկատմամբ սպառողների հետաքրքրության խթանմանը, մասնակցում են ավելի քան 100 տուրիստական և օժանդակ ընկերություններ:

Հարավկովկասյան երկաթուղին CTF-2015-ին ներկայացնում է Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրությունն ու հնարավորությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր տուրիստական փաթեթները: Նման փաթեթների շարքում են տուրեր Հայաստանի և Վրաստանի տարածքում:

Միջազգային կապերի բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն հանդիպել էր Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեի հետ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում Ընկերության նորարարական նախագծերը, մասնավորապես երկաթուղային տուրիստական փաթեթները:

– Մենք համագործակցում ենք Վրաստանի երկաթուղայինների հետ: Նման տուրերի նպատակն է՝ ավելացնել ՀԿԵ-ի գործառնական հնարավորությունները և ուղևորահոսքը Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղով և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բնակչությանը ներկայացնել մեր երկրների պատմամշակութային արժեքները: Հետաքրքրությունն այս տուրերի նկատմամբ սկսել է աճել հատկապես Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո,- ասաց Ա.Բոյկոն:

CTF-2015 ցուցահանդեսն, որը կտևի մինչև ապրիլի 18-ը, անցկացվում է Expo Georgia Exhibition Center ցուցահանդեսային կենտրոնում: Այն կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության և Թբիլիսիի քաղակապետարանի աջակցությամբ:




Լրահոս