ԵՏՄ-ն չի կարող խոչընդոտ լինել ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արտակ Զաքարյանը, ով կարևորեց ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը:

Նրա խոսքով, Ռիգային առաջ նման խորհրդարանական լսումներն անցկացնելը շատ կարևոր է: «Վիլնյուսից հետո Ռիգայի գագաթնաժողովը դառնալու է այն հարթակը,  որը ցույց կտա հետագա համագործակցության տեսլականը: ԱլԳ-ն ներկայումս բարդ ժամանակներ է ապրում և հասկանալի է անդամ երկրների զգուշավոր մոտեցումները: Տարբեր մոտեցումներ են եղել տարբեր պետությունների պարագայում, առավել հետաքրքրական է Հայաստանի մոտեցումը: Շատ ուրախ եմ, որ լիակատար ըմբռնում ունեցանք եվրոպական երկրների կողմից», – նշեց նա:

Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է նշել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը: «Մենք թևակոխել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլ, որը մեկնարկել էր դեռ անցյալ տարի: Տեղի են ունենում քննարկումներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ ուղղություններով կարող են լինել համագործակցությունները` չհակասելով ԵՏՄ-ի առջև ստանձնած հանձնառություններին: Հայաստանը շարունակում է ԵՄ հարաբերությունները` որպես ԵՏՄ լիիրավ անդամ: Հայաստանի մուտքը ԵՏՄ չի կարող խոչընդոտ լինել ԵՄ-ի հետ հարաբերությունների համար: Հայաստանը զերծ է պահելու իր օրակարգը հակասություններից», – եզրափակեց նա:




Լրահոս